Ապագա միջազգայնագետներն այցելել են Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակ

Դիտումների քանակ՝ 2291

Միջազգային արժութաֆինանսական հարաբերությունների մասնագիտացման մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողները ապրիլի 29-ին, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Ալբերտ Հայրապետյանի նախաձեռնությամբ և ուղեկցությամբ այցելել են Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակ: Այցելությունը «Միջազգային կազմակերպություններ» առարկայի շրջանակներում է կայացել, մագիստրանտները տեղում ծանոթացել են կազմակերպության գործունեությանը, մասնավորապես Համաշխարհային բանկի խմբի հայաստանյան գրասենյակի արտաքին կապերի և կորպորատիվ կառավարման բաժնի պետ Վիգեն Սարգսյանը ներկայացրել է Համաշխարհային բանկի կառուցվածքը, առանձնահատուկ անդրադարձել ՀՀ-ում իրականացվող ծրագրերին, զարգացման և աղքատության կրճատմանն ուղղված նախագծերին: Ուսանողները դիտել են կառույցի գործունեությունը ներկայացնող ֆիլմ, որի մի հատվածը վերաբերել է Հայաստանի տնտեսական ընդհանուր վիճակին:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում, ներկայացնելով և ամփոփելով այցի արդյունքը, Ալբերտ Հայրապետյանն ասաց, որ միջոցառման հիմնական նպատակը, այն է՝ ուսումնական դասընթացի շրջանակում ուսանողին կոնկրետ թեմայի շուրջ գործնական գիտելիքի փոխանցումը, կարելի է իրագործված համարել, քանի որ հանդիպումը հագեցած է եղել օգտակար տեղեկատվությամբ, քննարկումներով, հարցուպատասխանով, քննարկվել է նաև ՀԲ հայաստանյան գրասենյակում ուսանողների համար փորձառություն անցնելու հնարավորության հարցը: Դասախոսը հավելեց՝ նույն նպատակով առաջիկայում ՀՊՏՀ-ում կհյուրընկալեն Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Յուլիա Ուստյուգովային, և այսպիսով, թերևս կամփոփվեն այս ուսումնական տարվա գործնական դասերը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին