ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի ուղերձը

30.12.2020
Դիտումների քանակ՝ 1345

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի ուղերձը

Սիրելի՛ գործընկերներ, ուսանողներ,

2020 թվականն իր եզրագիծն է հատում: Այն սկսվեց ու ավարտվում է ծանր ու դժնդակ` մարդկությանն ու Երկիր մոլորակին բերելով աղետ ու տառապանք: Հայ ժողովրդի համար այն դարձավ ծանրագույն փորձության տարի` հերոսացումներով ու կորուստներով: Բնականոն հունից դուրս եկան գրեթե բոլոր ոլորտները, այդ թվում` կաթվածահար եղավ կրթության ոլորտը, նոր մարտահրավերները ծառացան օրվա հրամայականի կարգավիճակով ու պարտադրեցին շուտափույթ լուծումներ որոնել ու գործի դնել:

Տարեսկիզբը «նշանավորվեց» թագավարակի համաճարակով, և արդեն մարտ ամսին հանրապետությունում ուսումնական գործընթացի անընդհատությունն ապահովելու նպատակով անցում կատարվեց նոր ձևաչափի` հեռավար կրթության: Կրթության որակի ապահովումն ինքնին աշխատատար և միասնական ջանքեր պահանջող գործընթաց է, իսկ նոր իրականությունը պահանջեց անհապաղ գործելակերպ` տեղեկատվական և հաղորդակցական ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Շնորհիվ մեր համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության համատեղ աշխատանքի, նորաստեղծական ու հետևողական ջանքերի` մեզ հաջողվեց գործընթացը կազմակերպել և անխոչընդոտ իրականացնել, պահպանել ակադեմիական սկզբունքներն ու արժեքները: Արդյունքում և՛ բակալավրիատում, և՛ մագիստրատուրայում, և՛ ասպիրանտուրայում առկա և հեռակա կրթաձևերում ապահովվեց բնականոն ուսուցում, կիսամյակային, ինչպես նաև քննական, ամփոփիչ ատեստավորման և ընդունելության գործընթացներ:

Համավարակը մեզ ուղղակիորեն ու անողոքաբար հարվածեց. կորցրեցինք մեր թանկագին գործընկերներին, արժանավոր գիտնական-մանկավարժների, որոնք լի էին եռանդով ու գաղափարներով:

Հայ ժողովրդին պարտադրված ծանր պատերազմը մի նոր փորձություն դարձավ բոլորիս համար, մեզանից խլեց մեր լավագույն ուսանողներին, ունեցանք վիրավորներ, շատերն էլ այսօր շարունակում են ծառայել հայրենիքին: Այսօր ցավի ու սրտամաշ հույզերի մեջ փորձում ենք շարունակել ապրել, աշխատել ու նայել առաջ: Քաջ հայտնի ճշմարտություն է` միայն աշխատանքով, նվիրումով է հնարավոր շարունակել ապրել, հաղթահարել ծանր կորուստների հսկայական բեռը ու պահպանել լավատեսությունը: Այո՛, աշխատանքով բարիք ենք ստեղծում, աշխատանքի ընթացքում սփոփվում ենք, փորձում թոթափել ծանր խոհերը և փոխել իրականությունը:

Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է միասնականություն ու միակամություն` հանդուրժողաբար ու փոխօգնությամբ, առանց երկվության, առանց պառակտման:

Բուհական միջավայրը կրթության ու գիտության դարբնոց է, այստեղ է արարվում լույսը, ոգեղենությունը, և մենք` կրթության սպասավորներս, իրավունք չունենք նահանջելու, թուլանալու, ավելին` պիտի ամուր կամքով ու հաստատուն գործելաոճով դառնանք լույսի ու հույսի անդավաճան ջահակիրներ, ոգևորենք երիտասարդ սերնդին` նորովի իմաստավորելու կրթության դերը, խրախուսենք բարձրորակ, մրցունակ մասնագետ դառնալու նրանց ձգտումը:

Կասկածից վեր է, որ մեր համալսարանում բոլորն են այս սկզբունքի որդեգիրները: Մենք հավատում ենք, որ միասնաբար` մեր հրաշալի կոլեկտիվի ու պայծառ ուսանողության հետ համատեղ ու արգասաբեր աշխատանքով մասնակիցը կդառնանք մեր ժողովրդի մի նոր վերածննդի, մի նոր ժամանակաշրջանի կերտման, որում կապաքինվեն վերքերը, կհառնի հույսը, կհաղթանակի բարին ու սերը:

Սիրելի՛ գործընկերներ և ուսանողներ, թող որ նոր տարին շրջադարձային դառնա բոլորիս համար, նշանավորվի խաղաղությամբ, ստեղծագործ աշխատանքով ու համերաշխությամբ, ուսման մեջ առաջադիմությամբ ու նորանոր բարձունքների նվաճմամբ:

Հույս, հավատ և սեր` բոլորիդ ընտանիքներին:

Հարգանքով`
ԴԻԱՆԱ ԳԱԼՈՅԱՆ
ՀՊՏՀ ռեկտոր