«Շրջանավարտ - 2018». ավարտահանդես, որ տեղ գտավ լավագույն հուշերի գանձարանում

Դիտումների քանակ՝ 2603

Այսօր երեկոյան համալսարանի գեղատեսիլ բակում ավանդական ավարտահանդեսը՝ «Շրջանավարտ - 2018»-ը, մի բովանդակալից երեկո նվիրեց 2017-2018 ուսումնական տարվա ՀՊՏՀ բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտներին` հարստացնելով նրանց ձեռքբերումների, երջանիկ ապրումների ու լուսավոր հուշերի գանձարանը: Տոնական մթնոլորտում հուզված էին բոլորը՝ բուհի ռեկտորը և պրոռեկտորները, շրջանավարտները, ծնողները, դեկանները, ամբիոնների վարիչները, դասախոսները, նրանք ջերմ խոսքեր էին փոխանակում, անկեղծանում, շնորհավորում միմյանց: Բոլորը և՛ մասնակից էին, և՛ օրվա հերոս, և՛ հանդիսական:
Ավարտահանդեսը հանդիսավորությամբ բացեց ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վաչե Գաբրիելյանը: Շնորհավորելով շրջանավարտներին, նրանց ծնողներին, բուհի ղեկավարությանն ու պրոֆեսորադասախոսական համակազմին՝ նա հույս հայտնեց, որ ոտք դնելով կյանքի նոր ու կարևորագույն շեմին՝ բուհն ավարտողները «իրենց գիտելիքները կօգտագործեն ի փառս հայ հասարակության զարգացման ու առաջընթացի» և դառնալով բարձրորակ մասնագետներ՝ կօգնեն հարազատ համալսարանը դարձնել ավելի մրցունակ, կյանքի պահանջներին արձագանքող, գիտելիքահենք, ավելի ուսանողակենտրոն ու տրամադրող: Իր ելույթն ավարտելով՝ Վաչե Գաբրիելյանը ՀՊՏՀ մի քանի գերազանցիկ շրջանավարտի հանձնեց Կարմիր դիպլոմներ:
Բեմահարթակից սրտի ջերմ խոսք հղեց նաև ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը: Նա շեշտեց, որ այս տարի համալսարանը ավարտում է առկա, հեռակա բակալավրիատի և առկա մագիստրատուրայի շուրջ 1700 ուսանող, որոնց որակյալ կրթության համար համալսարանը ջանքեր է ներդրել՝ փորձելով ուսումնառությունը դարձնել արդիական ու արդյունավետ:
«Հուսով եմ, որ այստեղ ստացած գիտելիքները՝ հետագա պրակտիկ գործունեության և շարունակական կրթության համադրմամբ, կտան բաղձալի արդյունք և դուք կդառնաք այն մասնագետները, որոնց անունը մեզ համար հպարտանալու առիթ կծառայի»,-ասաց ռեկտորը՝ կարևորելով համալսարանի հետ հետադարձ կապի պահպանումը և յուրաքանչյուրի անձնական երջանիկ ու բարեկեցիկ ապագան:
Գերազանցության դիպլոմներ հանձնելուց հետո բուհի ղեկավարը մրցանակներ շնորհեց ավանդական դարձած 2 անվանակարգում: Ըստ այդմ՝ «ՀՊՏՀ սահմանապահ համայնքի լավագույն շրջանավարտ» ճանաչվեց մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի շրջանավարտ Հովսեփ Գյուրջինյանը (Տավուշի մարզ), իսկ «ՀՊՏՀ 2018 թ. լավագույն շրջանավարտ»՝ ֆինանսական ֆակուլտետից Արփինե Մանուկյանը (ուսումնառության 4 տարիների ընթացքում միջին որակական գնահատականը կազմել է 99,56):
Շրջանավարտների անունից բուհին հղած իր շնորհակալական խոսքում Արփինեն երախտագիտություն հայտնեց այն բարձրորակ գիտելիքի, փորձի ու մարդկային ջերմության համար, որ ստացել են հարազատ կրթօջախում, այն ժպիտի, ոգևորության ու ինքնավստահության համար, որոնք մշտապես պիտի օգնեն իրենց՝ կյանքի ուղի հարթելիս ու բարձունքներ հաղթահարելիս:
Օրվա հերոսներին շնորհավորեցին ու բարեմաղթեցին նաև դեկանները և տեղակալները, և յուրաքանչյուրն իրեն հատկացված առանձին տաղավարում հանձնեց բակալավրիատի շրջանավարտների դիպլոմները:
Միջոցառման հանդիսավոր մասին հաջորդեց երաժշտականը, որին հրավիրված էր և վարում էր DJ Sopranon, նույն ինքը՝ Ալին Գոյանը՝ երաժշտական բարձրաճաշակ համադրություններով ավելի խանդավառելով ՀՊՏՀ շրջանավարտներին:

Բարի երթ, անխորտակ ու վերելքներով ճանապարհ ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին