Աշխատանքային հանդիպում ՐԻՖԱՅՆ նախագծի շրջանակներում

Դիտումների քանակ՝ 1428

Սույն թվականի հունիսի 19-ին և 20-ին ՐԻՖԱՅՆ նախագծի շրջանակներում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Վիեննայի կիրառական գիտությունների համալսարանի և Կոշիցեի տեխնիկական համալսարանի ներկայացուցիչների ու ՀՊՏՀ-ում ՐԻՖԱՅՆ նախագծի անդամների մասնակցությամբ:
Ինչպես հայտնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից, վերոնշյալ եվրոպական գործընկեր համալսարանից հանդիպմանը մասնակցում էին Յոհաննես Վետցինգերը (նախագծի համակարգող), Ռիխարդ Պիրխերը, Նատաշա Ուրբանչիկովան և Օտո Հուդեցը, իսկ ՀՊՏՀ-ից՝ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, ֆինանսների ամբիոնի վարիչ Աշոտ Սալնազարյանը, ուսումնական բաժնի պետ Աղավնի Հակոբյանը, արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, նույն բաժնի աշխատակիցներ Մարգարիտ Մարուքյանը և Տաթևիկ Հովհաննիսյանը, ֆինանսների ամբիոնի ասիստենտ Վանինե Երանոսյանը:
Այցի նպատակն էր քննարկել երկրորդ աշխատանքային փաթեթի գործողությունները, մշակված նոր կրթական ծրագիրը՝ շահակիցների կարիքների վրա հիմնված վերջնարդյունքները, առարկաները, դրանց դասավանդման հաջորդականությունը և այլն: Նախքան այցելությունը մշակվել էր «Կորպորատիվ ֆինանսներ» մասնագիտացման նոր մագիստրոսական կրթական ծրագրի նախնական տարբերակը, որը քննարկումների առանցքային հարցն էր: Հանդիպման սկզբում քննարկվեցին առաջին աշխատանքային փաթեթի շրջանակներում մշակված ուղեցույցի արդյունքները և այն, թե ինչպես է նոր մշակված կրթական ծրագիրը թիրախավորում բացահայտված խնդիրները: Հանդիպման մասնակիցները մանրամասն քննարկեցին «Կորպորատիվ ֆինանսներ» մասնագիտացման նոր մագիստրոսական կրթական ծրագրի առարկայացանկը, յուրաքանչյուր առարկայի բովանդակությունը և դրանց դասավանդման հետ կապված խնդիրներն ու գիտահետազոտական պրակտիկայի կազմակերպման հարցերը: Հանդիպման ավարտին քննարկվեցին երրորդ և չորրորդ աշխատանքային փաթեթների կազմակերպական հարցերը և գրքերի գնման գործընթացը:
Հիշեցնենք, որ ՐԻՖԱՅՆ-ը եռամյա նախագիծ է, որի գործողությունները նախատեսված են 2017թ. հոկտեմբերից մինչև 2020 թվականի հոկտեմբերը: Նախագծի նպատակների, վերջնարդյունքների, գործընկերների, ինչպես նաև նախագծում ՀՊՏՀ դերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է բուհի պաշտոնական կայքում և նախագծի պաշտոնական կայքում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին