Թե ինչպես գաղափարը վերածել բիզնեսի. բանախոսեց FasterCapital-ի ներկայացուցիչը

Դիտումների քանակ՝ 1397

ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի նախաձեռնությամբ այսօր կրկին բաց դաս էր մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում, բանախոսն էր ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի ասպիրանտ, DevelopWay կազմակերպությունում ստարտափ ծրագրերի ղեկավար, Հայաստանում FasterCapital վիրտուալ ինկուբատորի ներկայացուցիչ Անի Սարգսյանը, թեման՝ «Գաղափարից դեպի բիզնես»:
Մարքեթինգ մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողների հետ միասին դասին մասնակցում էին մարքեթինգի ամբիոնի վարիչի ժ/պ, դոցենտ Վադիմ Գրիգորյանը և դոցենտ Լիլիթ Քոլյանը:
«Ես ներկայացնում եմ մի ֆոնդ՝ FasterCapital վիրտուալ ինկուբատորը, որը պատրաստ է օգնել ուսանողներին՝ իրենց գաղափարները, արտացոլված բիզնես պլանում, 1 տարվա ընթացքում վերածել բիզնեսի՝ հասցնելով նախնական փուլից մինչ արտադրանքի փուլ»,- միջոցառումից առաջ մեզ հետ զրույցում ասաց Անի Սարգսյանը:
Մինչ դասի բուն բովանդակությանն անցնելը, բանախոսը ներկայացրեց իր անցած ճանապարհն ու անձնական փորձը՝ ԵՊՀ, աշխատանք HSBC բանկում, ասպիրանտուրա ՀՊՏՀ-ում, առցանց ծրագրավորման դասընթացներ, աշխատանք DevelopWay կազմակերպությունում, FasterCapital-ում՝ ցույց տալով փոփոխությունների այն շղթան (բանկային ոլորտից դեպի տեխնոլոգիական), որը բնականոն զարգացման և մասնագիտական հասունության ուղի է ենթադրում:
«Ի դեպ՝ առցանց դասընթացները ինքնուրույն կարող եք յուրացնել՝ օգտագործելով անգամ միջանկյալ ժամանակահատվածները տրանսպորտում, դասամիջոցներին, և որքան շատ տիրապետեք նոր գիտելիքի, այնքան ավելի կամրապնդեք ձեր հաջողությունը»,- ուսանողներին հորդորեց բանախոսը, այնուհետև հանգամանորեն ներկայացրեց ստարտափ և մարքեթինգ կապը (ստարտափներում հաջողության հասնելու գործում մարքեթինքի դերը), Հայաստանի ստարտափ էկոհամակարգը, ստարտափի հիմնադրման փուլերը և FasterCapital-ի ներդրումային հնարավորություններն ու ծրագրերը:
Բանախոսը սիրով պատասխանեց ուսանողների հարցերին:
Հիշեցնենք, որ 2018 թ. նոյեմբերին Անի Սարգսյանի թիմը հաղթող է ճանաչվել «Էրազմուս+»-ի StartUp-Project միջազգային երիտասարդական մրցույթում, որն անցկացվում էր մեր համալսարանում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին