«Շնորհակալ եմ ՀՊՏՀ-ին. կարանտինային պայմաններում համալսարանն ավարտած ձեր` «արտակարգ» մագիստրոս». Տաթևիկ Առուստամյան

Դիտումների քանակ՝ 1998

Առցանց կրթության էջերը թերթելով`  շուտով կփակենք «2019-2020 ուսումնական տարի» սյուժետային ինքնահատուկ գծերով ու անակնկալ հանգուցալուծմամբ «գիրքը»…ո՞վ իմանար, որ տարին առցանց ենք ամփոփելու: Ա~խ այդ առցանցը…կարծես, հմուտ ձկնորսի պես իր ցանցն է գցել բոլորին: Ընդամենը 2 ամսում մեր առօրյային նոր գույներ ավելացան, որոնց մասին շատերը գրել են իրենց օրագրերում, շատերն էլ ամրագրել են մտքում: asue.am-ի «Ուսանողի օրագիր» խորագրում առցանց կրթության մասին իր նոթերն է ներկայացնում ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի մագիստրանտ, արդեն շրջանավարտ Տաթևիկ Առուստամյանը:

«Օրվա մեջ գոնե մի անգամ դուրս ես նայում պատուհանից՝ կամ գտնելու լուսինը, կամ դիմավորելու մայրամուտները: Դիմավորելու մայրամուտները, որովհետև բոլորիս հայտնի համավարակը փոխել է նաև ուսանողական ու աշխատանքային ռեժիմդ, ու ստացվել է այնպես, որ գիշերներն արտադրողականությունդ սովորականից բարձր է։ Թեյի կամ սուրճի շուրջ ծավալվող ընկերական, ուսանողական ու բոլոր տեսակ խոսակցություններն այժմ ծավալվում են էկրանից այն կողմ։ Ճիշտ է, դեռ երեկ էր, երբ հունվարյան քննական շրջանն ավարտեցիր ու երազում էիր տանը մնալու, ոչինչ չանելու ու հանգստանալու մասին, բայց ստացվեց այնպես, որ բացի տեղակայման վայրից այլ փոփոխություն չկա քո կյանքում»,-տնտեսագետ-տեսաբանին հատուկ վերլուծական կարողությունները Տաթևիկը գործի է դնում նաև իր կյանքի մասին հուշագրություններ կատարելիս: Ապա իրեն հատուկ հուզականությամբ շարունակում է. «Դե հա, ինչպես միշտ, բացառություն են կազմում զգացմունքները։ Բայց քանի որ բնույթով այնպիսին ես, որ առանձնապես չես վհատվում կարանտինային պայմաններից, գոնե կարոտում ես համալսարանի պահակակետի բարի ու համբերատար աշխատակիցներին կամ վերելակի մոտ մեկ-մեկ հավերժ թվացող հերթերը, կամ գրադարանի ընթերցասրահում տիրող կատարյալ լռությունը։ Փոխարենը հիմա ընտանիքիդ հետ ես շատ ժամանակ անցկացնում։ Այս օրերին մեր տանն ամենաշատը հնչում է «Դավիթ, ուշանում ես, արագացրո′ւ» արտահայտությունը։ Դավիթը սովորում է երրորդ դասարանում, արդեն նույնիսկ օնլայն ծնողական ժողով է կազմակերպվել»:

Տաթևիկն այն ուսանողների շարքում է, որոնք համալսարանն ավարտեցին ոչ թե սիրելի լսարանի բարձր ամբիոնից ամփոփիչ ելույթ ունենալով, այլ համակարգչի առջև նստած: Ահա թե ինչպես է նա պատմում ուսանողական կյանքի վերջին բեկորների մասին: «Իսկ ես արդեն ավարտեցի մագիստրատուրան։ Դեռ հունվարին ո՞ւմ մտքով կանցներ, որ փորձառության հաշվետվությունն ու ավարտական աշխատանքը առցանց կպաշտպանենք։ Ամեն տեսակ անհանգստություններին ու մտահոգություններին ի պատասխան, շտապեմ նշել, որ թե՛ փորձառության, թե՛ ավարտական աշխատանքի պաշտպանությունները ստացված ու հաջող անցան:Ավելին, այդ ընթացքում ընտանիքս կողքիս էր, ինչը լրացուցիչ ուժ էր հաղորդում ինձ: Պաշտպանությանս ընթացքում ընտանիքիս ջերմությունը, ընկերներիս ոգեշնչող խոսքերը, հանձնաժողովի անդամների վստահ հայացքները միախառնվել էին: Սենյակս, որտեղ սովորաբար մենակ էի լինում, լցված էր անսովոր հուզականությամբ: Անշունչ համակարգիչս փոխանցում էր ընկերներիս հուզմունքը, լարվածությունը, ելույթիս զուգահեռ, համակարգչի մի անկյունում աչքի պոչով կարդում էի նրանց քաջալերող հաղորդագրությունները: Պաշտպանությունից հետո զգացմունքներն այնքան շատ էին, որ քնելն ուղղակի անհնար էր թվում։ Ահա գալիս է այն գիտակցումը, որ հետոն ուրվագծելու համար ավելի պատասխանատվություն ու ջանք է պահանջվելու, պետք է ավելի զգոն լինել»,-Տաթևիկի օրագրում միահյուսվում են ներկայի ու ապագայի մասին մտորումները: Ապա նա ամփոփում է կյանքի այս շրջափուլը` արժևորելով ՀՊՏՀ մանկավարժ-գիտնականների նվիրված աշխատանքը:

«Կորոնավիրուսային պայմաններում կարծես կրկնակի գնահատեցի դասախոսներիս հսկայածավալ ջանքերը, հիացա նրանց` առցանց կրթության պայմաններին արագ հարմարվելու կարողությամբ: Այս իրավիճակն իր պայմաններն է թելադրում և խտացրել է մեր կյանքի գույները. այն իր հետ բերել է նաև փոքր-ինչ լարվածություն, պատասխանատվություն ու ավելի շատ ժամանակ` ինքդ քեզ հասկանալու ու հավատալու համար: Կորոնավիրուսը մարտահրավեր է և ստիպել է մեզ մեկ քայլ ևս առաջ գնալ ու մտածել արագ փոփոխվող պայմաններում դիրքավորվելու մասին: Կարծում եմ` ես կարողացա պատվով հաղթահարել այս մարտահրավերը և դրա համար շնորհակալ եմ ՀՊՏՀ-ին, հպարտ եմ, որ կայացման երկար ճանապարհս անցա հենց ՀՊՏՀ-ի հետ: Կարանտինային պայմաններում համալսարանն ավարտած, ձեր «արտակարգ» մագիստրոս`Տաթևիկ»։

Տաթևիկ Առուստամյանն ավարտեց միջազգային արժութաֆինանսական հարաբերություններ մասնագիտության մագիստրատուրան, թեզը առցանց պաշտպանեց և արժանացավ 100 առավելագույն միավորի: Գուցե սա ՀՊՏՀ-ի մասին իր վերջին օրագրային էջն էր…

Շարունակելի…

«Ուսանողի օրագիր» խորագրի նախորդ 4 հերոսներ Մելինե Աբրահամյանի , Տաճատ ՊապոյանիՌուզաննա Կիրակոսյանի և Արամայիս Սիմոնյանի  նյութերին կարող եք ծանոթանալ ակտիվ հղումներով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին