«Ամբերդի» փոխտնօրենը մասնակցել է ուղեղային կենտրոնների երկրորդ գլոբալ առցանց համաժողովին

Դիտումների քանակ՝ 3114

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն-ավագ փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վարդան Աթոյան ս.թ. մայիսի 13-ին մասնակցել է Փենսիլվանիայի համալսարանի TTCSP-ի կողմից կազմակերպված երկրորդ առցանց գլոբալ համաժողովին: Այս մասին asue.am-ին հայտնեց Վարդան Աթոյանը՝ նշելով, որ հրավիրվել էր մասնակցելու “2nd Global Think Tank Virtual Town Hall: From Solidarity to Solutions to Save Lives and Livelihoods” խորագրով գլոբալ համաժողովին, որը նվիրված էր COVID-19 համավարակի դեմ պայքարում ուղեղային կենտրոնների դերակատարության հարցերին և ուղեղային կենտրոնների առջև ծառացած մարտահրավերներին:

«Այս թեմայի վերաբերյալ առաջին գլոբալ համաժողովը տեղի է ունեցել ընդամենը մեկ ամիս առաջ՝ ապրիլի 7-ին, որին նույնպես մասնակցելու հրավեր էի ստացել: Նշեմ, որ եթե նախորդ համաժողովը աննախադեպ էր իր ձևաչափով, ներգրավված ուղեղային կենտրոնների քանակով և աշխարհագրական լայն ընդգրկմամբ, ապա վերջին համաժողովը՝ նաև իր արդյունքներով և նախանշված գլոբալ նպատակներով: Համաժողովին մասնակցում էին աշխարհի տասնյակ երկրներից ավելի քան 375 ուղեղային կենտրոնների ղեկավար կազմի ներկայացուցիչներ: Համաժողովում որոշվեց մասնակիցներից ձևավորել 5 աշխատանքային խումբ, որոնք փաստերի և փորձագիտության հիման վրա կմշակեն առաջարկությունների փաթեթ, որը կներկայացվի աշխարհի տարբեր երկրների կառավարություններին և միջազգային կառույցներին: Ստեղծվածաշխատանքային խմբերն ունեն ոլորտային ուղղվածություն: Դրանք են՝ 1) Հանրային առողջպահության ճգնաժամի լուծում, 2) Տնտեսության վերականգնման ազգային և միջազգային ռազմավարությունների նախապատրաստում, 3) Խոցելի խմբերին աջակցելու նպատակով պետական, մասնավոր, նորարարական և ինկլյուզիվ միջամտության ռազմավարությունների մշակում, 4)Միջազգային համագործակցության զարգացում. Ապագա ճգնաժին պատասխանելուն ուղղված արագ, արձագանքող և կայուն համակարգերի ձևավորում, 5) Պատրաստություն անորոշ ապագային. ուղեղային կենտրոնների համար նոր գործառնական մոդելների ստեղծում՝ հետազոտություններ, հաղորդակցություններ և ֆինանսավորում»,- մանրամասնեց մեր գործընկերը՝ հավելելով, որ «Ամբերդ»  կենտրոնն անմասն չի մնալու այս գործընթացից:

«Այդ նպատակով ես ընդգրկվել եմ վերջին՝ հինգերորդ աշխատանքային խմբում: Ուղեղային կենտրոնների գլոբալ համայնքի հետ համատեղ մեր կարողություններով կփորձենք աջակցել վերոնշյալ նպատակների իրականացմանը: Հավելեմ, որ աշխատանքային խմբերը կաշխատեն շուրջ մեկ ամիս, որից հետո նախատեսվում է հրապարակել համապատասխան զեկույց: Պետք է ընդգծել նաև այն, որ այս միջոցառման կազմակերպիչը ուղեղային կենտրոնների համաշխարհային վարկանիշավորում իրականացնող կազմակերպությունն է՝ Փենսիլվանիայի համալսարանի ուղեղային կենտրոններ և քաղաքացիական հասարակություն ծրագիրը: Կարծում եմ՝ դժվար է թերագնահատել այն ռեպուտացիոն օգուտները, որոնք մենք կարող ենք ստանալ նման միջազգային գործընթացներին մասնակցությունից», - ասաց մեր գործընկերը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին