«Այլազգի առաջնորդին իմ հայրենիքը լավագույնս ներկայացնելու առիթ ու հնարավորություն ունեցա»․ Ալբերտ Հայրապետյան

12.04.2022
Դիտումների քանակ՝ 1360

ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դասախոս, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող, տ.գ.թ. Ալբերտ Հայրապետյանը ապրիլի 4-ից 8-ը գործուղմամբ գտնվում էր Լիխտենշտեյնի Իշխանապետությունում, որտեղ իշխանանիստ Վադուց ամրոցում հյուրընկալվել է երկրի գահակալ իշխան, միապետ Հանս-Ադամ 2-րդին, ինչպես նաև հանդիպել է ՀՊՏՀ-ի գործընկեր «Վան էք» հրատարակչության ղեկավար պարոն Ֆրանկ վան Էքին։

Այցի մանրամասների շուրջ Ալբերտ Հայրապետյանի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորև։

- Ինչո՞ւ որոշեցիք հայերեն թարգմանել «Պետությունը երրորդ հազարամյակում» գիրքը։

- Սկսեմ նախապատմությունից։ 2020 թ. մայիսի 29-ին էլեկտրոնային նամակ ուղարկեցի Լիխտենշտեյնի իշխան Հանս-Ադամ 2-րդին՝ խնդրելով ինձ տրամադրել գիրքը հայերեն թարգմանելու իրավունքը։ Որքան էլ ինձ համար զարմանալի էր, իշխանն անտարբեր չգտնվեց նամակիս հանդեպ, քանի որ բառացիորեն մի քանի օր անց էլեկտրոնային նամակ ստացա իշխանին պատկանող «Վան Էք» հրատարակչությունից. հայտնում էին, որ իրենց հետաքրքրել է իմ առաջարկը և ցանկանում են համագործակցել։ Հարցը ներկայացրեցի բուհի ղեկավարությանը և ստացա գիրքը բուհի հրատարակչությունում տպագրելու համաձայնություն։ Այսպես, 2020 թ. աշնանը, երկար բանակցություններից հետո, մեր բուհն ու «Վան Էք» հրատարակչական ընկերությունը պայմանագիր կնքեցին։ Գրքի հայերեն թարգմանությունը «ծնվեց» անքուն գիշերների, անսահման էնտուզիազմի ու նյարդերի գնով: Միայն գործընկերներիցս մի քանիսը գիտեն, թե թարգմանությունից մինչև տպագրություն՝ առաջին հայացքից պարզ թվացող պրոցեսում, ինչ խոչընդոտների ենք հանդիպել: Դրա արդյունքում գրքի «ծնունդը» սպասվածից երկար տևեց:

Լիխտենշտեյնի գահակալ իշխան Հանս-Ադամ 2-րդի հեղինակած գիրքն իրական «գտածո» էր ինձ համար։ Ի տարբերություն այլ հեղինակների՝ իր, թեպետ փոքր, սակայն ճանաչված և սուվերեն պետության ներսում նա ուներ մի «լաբորատորիա», որտեղ արդեն իսկ փորձարկել էր գրքում ներկայացված քաղաքական և տնտեսական նորարարություններն ու մտահղացումները և հաջողության հասել՝ Լիխտենշտեյնը դարձնելով հարաբերական տնտեսական ցուցանիշներով աշխարհի ամենաբարեկեցիկ և հարուստ երկրներից մեկը։ Իշխանն իր գաղափարները ներկայացրել է բազմաթիվ բարձր ամբիոններից, այդ թվում՝ ՄԱԿ-ի ամբիոնից և Օքսֆորդի համալսարանում: Մեզ՝ հայերիս համար, հատկապես արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում, ավելի կարևոր է այն, որ Լիխտենշտեյնի Իշխանության և իշխանի քաղաքական նպատակներից մեկը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն է: Հատուկ այդ նպատակով Հանս-Ադամ 2-րդը Փրինստոնի հեղինակավոր համալսարանում հիմնադրել է Ժողովուրդների ինքնորոշման Լիխտենշտեյն ինստիտուտը (Liechtenstein Institute on Self-determination), որտեղ, ի թիվս այլ հիմնախնդիրների, գիտնականները հետազոտում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունները: Ինձ հաճախ տրվող այն հարցին, թե ինչու կամավոր կերպով ստանձնեցի «Պետությունը երրորդ հազարամյակում» գրքի թարգմանությունը, կպատասխանեմ հակիրճ. իշխանի նկարագրած պետությունն իմ երազանքների պետությունն է, և իմ խորին համոզմամբ՝ երրորդ հազարամյակում Երկիր մոլորակի վրա դեպի համընդհանուր խաղաղություն ու բարեկեցություն տանող ճիշտ ուղին։

- Պարոն Հայրապետյան, վերջերս հանդիպել եք Լիխտենշտեյնի Իշխանության միապետ, իշխան Հանս-Ադամ 2-րդի հետ։ Ինչո՞ւ էր Եվրոպայի միակ իրական իշխանություն ունեցող և միևնույն ժամանակ Եվրոպայի ամենահարուստ միապետը Ձեզ իր դղյակ հրավիրել։ Ի՞նչ տպավորություններ ունեք այդ հանդիպումից։ Կմանրամասնե՞ք մի փոքր։

– Տպավորություններս իրոք ֆանտաստիկ են։ Ես հնարավորություն ունեցա երկարատև զրույց ունենալ միապետի, իր պետությունում երկու հանրաքվե հաղթած քաղաքական գործչի, խոշոր գործարարի և, որ ինձ համար ամենակարևորն է, իմ սիրելի գրքի հեղինակի հետ, ունկնդրել վերջինիս և սովորել վերջինից։ Հանդիպումը հատկանշական էր նաև այն առումով, որ ինձ համար սա այլազգի առաջնորդին իմ հայրենիքը լավագույնս ներկայացնելու առիթ ու հնարավորություն էր։ Հիրավի, ինձ համար մեծագույն հաճույք էր իշխանին Հայաստանի մասին պատմող գիրք նվիրելը։ Այս առումով, հանրային դիվանագիտության իմ պրակտիկան, եթե կարելի է այն այսպես անվանել, համարում եմ հաջողությամբ հանձնած։ Հանդիպման բովանդակության մասին այլ մանրամասներ հայտնելուց ձեռնպահ կմնամ, քանի որ այն դիտարկում եմ որպես հեղինակի և թարգմանչի միջև մասնավոր զրույց։

- Ո՞րն է Լիխտենշտեյնի Իշխանապետության առանձնահատկությունը և հաջողության գաղտնիքը։ Ինչպե՞ս է նրանց հաջողվել ստեղծել այդպիսի բարեկեցիկ պետություն։

- Առաջին՝ ուղիղ ժողովրդավարությունը։ Մարդը մոտիվացված է, քանի որ իրեն կառավարիչ և տեր է զգում և վստահ է, որ անհրաժեշտության դեպքում կարելի է 1500 ստորագրություն հավաքել և հանրաքվեի դնել միապետությունը հանրապետության վերածելու հարցը։ Քաղաքացին պահանջատեր է, իսկ Իշխանապետությունը՝ թափանցիկ և հաշվետու, երկրում կա օրենքի գերակայություն, իսկ փոքրիկ միապետությունը միապետությունների համար բացառիկ՝ ժողովրդավարական լեգիտիմության կառավարման համակարգ է ստեղծել՝ միապետությունների ժողովրդավարացման գործընթացում նոր նշաձող սահմանելով։ Երկրորդ՝ արդյունաբերությունն ու ֆինանսները։ Ի զարմանս շատերի՝ տնտեսության լոկոմոտիվի դերը կատարում է ո՛չ նամականիշների արտադրությունը, ո՛չ էլ նույնիսկ ֆինանսական հատվածը, այլ տնտեսության իրական հատվածը, որը գլխավորապես բաղկացած է ՓՄՁ-ներից, որտեղ աշխատում է երկրի աշխատունակ բնակչության շուրջ 40%-ը: Քիչ պետություններ կարող են հպարտանալ վերազգային կորպորացիաներով, սակայն մոտ 37000 բնակչություն ունեցող Լիխտենշտեյնում է հիմնադրվել Hilti վերազգային կորպորացիան: Սակայն, որքան էլ զարմանալի է, այսօր Լիխտենշտեյնն ունի ավելի շատ ռեզիդենտ կազմակերպություններ, քան բնակչություն: Ավանդաբար ցածր հարկերը, որակյալ աշխատուժը և Հաբսբուրգների դինաստիայի հետ ունեցած մաքսային միության համաձայնագիրը հրապուրել են Եվրոպայի տեքստիլ արտադրության առաջատարներին: Հաբսբուրգների անկումից հետո երկիրը տնտեսական ինտեգրման մեջ է մտնում հարևան Շվեյցարիայի հետ՝ ստեղծելով տնտեսական և արժութային միություն, իսկ Նորվեգիայի ու Իսլանդիայի հետ կազմելով Եվրոպական ազատ առևտրի ասոցիացիան (ԵԱԱԱ), մաս է կազմում նաև եվրոպական միասնական ընդհանուր շուկայի, որի մեջ մտնում են ԵՄ և ԵԱԱԱ երկրները: Լիխտենշտեյնը աշխարհի եզակի պետություններից է, որը չունի պետական պարտք, իսկ Standard&Poors հեղինակավոր վարկանշային կազմակերպությունը երկրի ֆինանսական համակարգին տվել է առավելագույն՝ AAA գնահատականը:

- ՀՊՏՀ-ում տպագրված գրքի մասին նաև Լիխտենշտեյնի առաջատար թերթերն են գրել, մի փոքր կմանրամասնե՞ք։

– Այո՛, իրավացի եք։ Մասնավորապես, գրքին անդրադարձել են Volksblatt.li կայքը և երկրի առաջատար՝ «Վատերլանդ» թերթը։ Հպարտ եմ, որ երկու պետությունների միջև հումանիտար կապերի ամրապնդման գործում կարողացա իմ լուման ունենալ, որ գրեցին ու խոսեցին մեր մասին, մեր բուհի մասին։ Սակայն առանձնահատուկ կերպով պետք է ընդգծեմ, որ այս ամենն իրականություն չէր դառնա առանց իմ գործընկերների՝ մասնավորապես բուհի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանի և բուհի արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանի գործուն աջակցության։

Ի վերջո, եկեք ամփոփենք, թե տիկին Գալոյանի, տիկին Դանիելյանի և ձեր խոնարհ ծառայի համառ և նպատակասլաց աշխատանքի արդյունքում ինչի հասանք. նախ ընթերցողի սեղանին հայտնվեց բացառիկ մի գրքի հայերեն թարգմանություն, որը իմ համոզմամբ՝ չափազանց օգտակար է տնտեսագիտությամբ, քաղաքագիտությամբ, միջազգային հարաբերություններով և հարակից գիտակարգերով հետաքրքրվող ուսանողների ու հետազոտողների համար։ Երկրորդ՝ օտարերկրյա առաջատար թերթերում դրական լույսի ներքո ներկայացվեց մեր երկիրն ընդհանրապես և մեր բուհը՝ մասնավորապես։ Երրորդ՝ գրքի լույսընծայումը և թող անհամեստություն չթվա, բայց նաև իմ և միապետի հանդիպումը նպաստեցին, որպեսզի թեպետ փոքր, սակայն Եվրոպայի սրտում գտնվող խաղաղ և բարեկեցիկ երկրում Հայաստանի մասին ավելի շատ բան իմանան։

- Պատմեք, խնդրեմ, Ձեր նոր ծրագրերի ու մտահղացումների մասին:

–Ներկայիս մտահղացումներս, որոնք ակադեմիական տիրույթից դուրս են, գրքերի հետ առհասարակ կապ չունեն և բոլորովին այլ աշխարհամասի հետ են կապված, նույնիսկ ինձ են անիրատեսական թվում: Այնպես որ, առժամանակ լռելը երևի ճիշտ է: Սակայն ինձ ճանաչողները լավ գիտեն, որ առանց խենթ թվացող գաղափարների ու մտահղացումների ապրել անկարող եմ։ Դե ինչ, ի գործ, ի մարտ, ի հաղթանակ։ Միշտ առաջ. դա իմ կարգախոսն է։