Միջազգային համագործակցությունն աշխուժանում է. ՀՊՏՀ-ում են Էդինբուրգի Նափիեր համալսարանի ներկայացուցիչները

Դիտումների քանակ՝ 1540

«Էրազմուս+»-ը ՀՊՏՀ միջազգայնացման համատեքստում առանցքային ծրագրերից է, որի շրջանակում հաստատվում են տարբեր ձևաչափի համագործակցություններ ու կազմակերվում միջոցառումներ:

Ընթացիկ շաբաթ ՀՊՏՀ-ում են Էդինբուրգի Նափիեր համալսարանի (Մեծ Բրիտանիա) դասախոս Ֆավադ Քալիլը, վարչական աշխատակիցներ Կիրիլ Շարապովը և Մանդի Վինդհերթոնը:

Շաբաթասկզբին Ֆավադ Քալիլը եղել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում, իսկ այսօր նա ՀՊՏՀ-ում էր, հյուրընկալվեց ֆինանսական և կառավարման ֆակուլտետներում: Երկու կրթօջախներում էլ նա դասախոսություններ է վարել «Միկրոֆինանսներ», «Ֆինանսական տեխնոլոգիաներ» թեմաներով:

Մեր համալսարանում վերապատրաստվող վարչական աշխատակիցներն էլ ծանոթացել են բուհի գործունեությանը, ստորաբաժանումների աշխատանքին, հարստացրել իրենց փորձը, հանդես եկել միջազգային համագործակցությանն առնչվող առաջարկություններով: Նափիերի ներկայացուցիչները այսօր աշխատանքային օրվա ավարտին հանդիպեցին ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Պարույր Ջանգուլյանի, միջազգային կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանի հետ, ամփոփեցին այցը և քննարկեցին հետագա գործակցության ուղիները:

Ինչպես հայտնեցին ՀՊՏՀ-ում «Էրազմուս+» ծրագրի համակարգող միջազգային կապերի բաժնից՝ առաջիկա շաբաթում կհյուրընկալենք Հունգարիայի Միշկոլցի համալսարանի 2 դասախոսի:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին