Բաց դասերը նորովի են իմաստավորվում. նախագծերի կառավարման թեմայով բաց դաս ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1458

ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնի նախաձեռնությամբ այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացավ հերթական բաց դասը, որի խոսնակը՝ Նախագծերի կառավարման ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի փոխնախագահ Սոնա Մատինյանը (PMP), հանդես եկավ նախագծերի կառավարման գործընթացին (General Introduction to Project Management) նվիրված բանախոսությամբ:

Հյուրին ներկայացրեց ՀՊՏՀ աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնի պետ Լիլիթ Գյուլգյուլյանը՝ շեշտադրելով թեմայի կարևորությունը:

Բանախոսը հանդիպումն սկսեց լսարանին հարցեր ուղղելով՝ նշելով, որ այսօրվա հանդիպման նպատակը ինտերակտիվ հարց ու պատասխանով թեմայի շուրջ քննարկում կազմակերպելն է: Նա անդրադարձավ փոփոխություններին, նշեց, որ դրանց մեջ պետք է տեսնել հնարավորություններ, որոն կարող են դառնալ նոր նախագծերի սկիզբ, ապա անդրադարձավ գաղափարներն ու նախագծերը կյանքի կոչելու գործընթացին, ներկայացրեց նախագծերի կառավարման գիտելիքների շրջանակը, փուլ առ փուլ անդրադարձավ գործընթացի մաս կազմող բաղադրիչներին: Լսարանն ակտիվ ներգրավվեց քննարկմանը, ուսանողները ներկայացրեցին իրենց մոտեցումները, հարցադրումները:

Սոնա Մատինյանը, ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում, անդրադառնալով հանդիպմանը, նշեց. «Ուսանողների հետ աշխատանքը միշտ էլ ոգևորիչ է, նոր հայացքներ, նոր շունչ, նոր տեսակետներ։ Ուրախ եմ, որ երիտասարդները բաց են տեղեկատվության համար, ձգտում են գիտելիքների։ Նախագծերի կառավարումը Հայաստանում յուրաքանչյուր տարի ավելի ու ավելի է ամրապնդում իր դիրքերը, միջազգային ստանդարտները տարածվում են նաև մեզանում։ Այնպես որ, այս մասնագիտությանը ծանոթանալն իսկապես ժամանակի պահանջ է, և Նախագծերի կառավարման ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղն անում է ամեն բան, որպեսզի երիտասարդները մոտենան գլոբալ շուկայում մասնագետներին առաջադրվող պահանջներին: Եվ, իհարկե, շնորհակալ ենք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին՝ համագործակցության և դրական լիցքերի համար»:

ՀՊՏՀ աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնի պետ Լիլիթ Գյուլգյուլյանը մեզ հետ զրույցում շեշտադրեց նմանատիպ միջոցառումների կարևորությունը: «Նմանատիպ կազմակերպությունների հետ բուհի համագործակցությունը շատ կարևոր է, քանի որ այն առաջին հերթին օգնում է մեզ՝ հասկանալու և վերանայելու մեր կրթական ծրագրերը, որոնք վերջնարդյունքում կծառայեն ուսանողներին այն իմաստով, որ համալսարանն ավարտելուց հետո նրանք պատրաստ կլինեն միջազգային որակավորում ստանալու համար անհրաժեշտ քննություն հանձնելուն»,- ասաց ստորաբաժանման ղեկավարը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին