Բիզնեսի արդյունավետության բարձրացում ՏՏ կիրառմամբ․ ոլորտը կհամալրվի ՀՊՏՀ մագիստրոսներով

31.01.2023
Դիտումների քանակ՝ 1102

Այսօր՝ հունվարի 31-ին, ՀՊՏՀ-ում ավարտվեց մեկուկես տարի տևողությամբ մագիստրոսական կրթական ծրագրերի ամփոփիչ ատեստավորման գործընթացը։

Մագիստրոսական թեզերի պաշտպանության վերջին լուսաբանմամբ անդրադառնում ենք «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում» կրթական ծրագրին, որի 11 շրջանավարտները հաջողությամբ պաշտպանեցին ավարտական թեզերը և շուտով կստանան կառավարման մագիստրոսի որակավորման աստիճան։

Կրթական ծրագրի ղեկավար, տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ Արմեն Ղազարյանի փոխանցմամբ՝ ծրագրի նպատակը բիզնեսի ոլորտում տեղեկատվական բազմաբնույթ տեխնոլոգիաների ներդրման, սպասարկման և շահագործման մասնագետներ պատրաստելն է։ «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը շեշտադրում է բիզնեսի արդյունավետության բարձրացումը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ծրագրի անհրաժեշտությունն առաջ եկավ հատկապես վերջին տասնամյակում, երբ ՀՀ-ում սկսեցին ակտիվանալ բիզնեսի թվային վերափոխման գործընթացները, և կազմակերպությունները մրցակցություն ծավալեցին իրենց տեխնոլոգիական ներուժով և զարգացմամբ»,- ասում է Արմեն Ղազարյանը և հավելում՝ ծրագիրը հենվում է բիզնես-ոլորտում տեղեկատվական համակարգերի գործունեության չորս հիմնական ուղղությունների վրա՝ տվյալների վերլուծության գործիքներ և տվյալագիտության հիմունքներ, ծրագրավորման տեխնոլոգիաներ, ցանցային տեխնոլոգիաներ, ծառայություններ և կիբեռանվտանգություն, ստարտափ կառավարում և նորարարություն: Բացի դրանից, մագիստրոսական ծրագիրը ներառում է բիզնեսում կիրառվող առանցքային մոդուլներ, ինչպիսիք են թվային մարքեթինգը և ձեռնարկատիրությունը։

Ներկայումս ուսանողների գրեթե հիսուն տոկոսը, իսկ այս տարվա շրջանավարտներից գրեթե բոլորը որպես բիզնեսի զարգացման պատասխանատու, որակի ապահովման, թվային մարքեթինգի, ՏՏ նախագծերի կառավարման, CRM, SEO, ՄՌԿ և SMM մասնագետներ են աշխատում ՏՏ ոլորտի կազմակերպություններում (Fnet, SoftConstruct, Targeting Agency, DataArt, ARLOOPA), ինչպես նաև պատասխանատու պաշտոններ զբաղեցնում բանկերում և ընկերություններում։

«Դասավանդվող առարկաների շրջանակներում կիրառվում է նախագծերի հիման վրա ուսուցումը (project based study), ինչը թույլ է տալիս խմբային առաջադրանքների միջոցով գնահատել տեսական գիտելիքները գործնականում կիրառելու կարողությունները, թիմային աշխատանքի հմտությունները, արտադրանքի մշակման ամբողջական փուլին ներգրավվելու կարողությունները»,-ասում է Արմեն Ղազարյանը։

Անի Եգանյանը ՀՊՏՀ բակալավրիատի «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտության շրջանավարտ է, օրերս գերազանց պաշտպանեց մագիստրոսական թեզը՝ «ՏՏ կազմակերպությունների կառավարման մեթոդների համեմատական վերլուծություն» թեմայով, որն անմիջականորեն առնչվում է իր մասնագիտական աշխատանքին։ Անին ինժեներ-տնտեսագետ է «Հայկական ծրագրեր» ընկերությունում, աշխատանքի ընթացքում հանդիպած խնդիրներն ու օրինակները ներառել է թեզի գործնական մասում։ Վստահ է՝ մագիստրատուրայում ձեռք բերած գիտելիքները մասնագիտական աճի կարևոր գրավական են․ «Այս մեկուկես տարիներն ինձ տվել են ծանոթություններ, տեսական ու գործնական մեծածավալ գիտելիք։ Ապագա դիմորդներին խորհուրդ եմ տալիս մինչև մագիստրատուրա դիմելը ուսումնասիրել աշխատաշուկան, ապա ուսումնառության ընթացքում կենտրոնանալ մասնագիտությունը լավագույնս յուրացնելու վրա»։

Բարի երթ, մասնագիտական ու աշխատանքային հաջողություններ ենք մաղթում ՀՊՏՀ նորավարտ մագիստրոսներին։