ՀՊՏՀ ուսանողները համալրում են «Հայկական ծրագրեր» ընկերության աշխատակիցների շարքերը

01.02.2023
Դիտումների քանակ՝ 1711

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը շարունակում է սերտ համագործակցությունը աշխատաշուկայի առաջատար կազմակերպությունների հետ, ինչը աշխատանքի և կարիերայի խոստումնալից հեռանկարներ է բացում մեր ուսանողների առջև։

2022թ. նոյեմբերին «Հայկական ծրագրեր» ընկերության կողմից կազմակերպված բաց դռների միջոցառմանը մասնակցած մեր ուսանողներից 36-ն ընտրվել և մասնակցում է ընկերության «ՀԾ-Ձեռնարկություն», «ՀԾ-Հաշվապահ» և «ՀԾ-Առևտուր» համակարգերի անվճար դասընթացներին, որոնք մեկնարկել են հունվարի 23-ին։

Դասերն անցկացվում են կազմակերպության փորձառու մասնագետների կողմից, որոնք տասնյակ տարիների փորձ ունեն համակարգերի ներդրման, ադապտացման և սպասարկման ոլորտում: Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու համակարգերին, կատարելու պրակտիկ վարժություններ, լուծում գտնելու իրական դեպքերի հիման վրա:

«Հայկական ծրագրեր» ընկերության ՄՌԿ բաժնի ղեկավար Սոֆյա Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Տնտեսագիտական համալսարանի հետ իրենց համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի և օրեցօր ավելի է ամրապնդվում։ Անցյալ տարի ևս ՀՊՏՀ ուսանողներն ակտիվորեն են մասնակցել «ՀԾ-օրեր» միջոցառմանը, ապա նաև՝ ընկերության վերապատրաստման դասընթացներին: Դասընթացների արդյունքում լավագույն 11 մասնակիցներն ստացել են աշխատանքի առաջարկ և համալրել ընկերության աշխատակիցների շարքերը։

«Ավանդույթ դարձած «ՀԾ-օրեր» միջոցառմանը ներկայացնում ենք մեր ընկերության պատմությունը, գործունեությունը, համակարգերը, մշակույթը: Նշենք, որ մենք շուկայում ենք 1987 թվականից և տարիների ընթացքում մեծ փորձ ենք կուտակել։ Տնտեսագիտականի ուսանողներն արագ են ինտեգրվում մեր ընկերության մշակույթին, ըմբռնում աշխատանքի ոճը, հմտանում և առաջընթաց գրանցում․ բաժնի ղեկավարներ ունենք, որոնք ՀՊՏՀ շրջանավարտներ են: Այժմ մեր կազմակերպությունում աշխատում է ՀՊՏՀ 23 ուսանող, ընդհանուր առմամբ՝ շուրջ 100 շրջանավարտ և ուսանող»,-ասաց ընկերության ՄՌԿ ղեկավարը։

Հ․Գ․ Առաջին լուսանկարում «Հայկական ծրագրեր» ընկերության աշխատակիցներն են` ՀՊՏՀ դասախոս Օգսեն Փափազյանը և 4-րդ կուրսի ուսանող Մարի Ավագյանը: