Մագիստրոսական թեզերը` մարզի զարգացման ծրագրերի հիմքում

Դիտումների քանակ՝ 1629

Արարատի մարզի զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակում փետրվարի 19-ին մարզպետարանի և ՀՀ մի շարք առաջատար բուհերի միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ մարզի արդյունաբերական, գյուղատնտեսական, բնապահպանական, կառավարման, զբոսաշրջության, համայնքների զարգացման ծրագրերը և առկա խնդիրները որպես ուսանողների մագիստրոսական թեզերի թեմաներ հաստատելու վերաբերյալ: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը ողջունել է Արարատի մարզպետի նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնել բուհերի ղեկավարներին՝ արագ արձագանքելու համար։ «Կրթության և գիտության նախարարությունը միշտ պատրաստակամ է աջակցել նման ծրագրերին։ Մենք հույս ունենք, որ նախաձեռնությունը կհաջողի, և իրականացված հետազոտություններն իրոք կնպաստեն Արարատի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը»,-իր խոսքում նշել է փոխնախարարը։ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը նշել է, որ հաշվի առնելով Արարատի մարզի արդի պահանջներն ու հեռանկարները՝ հուշագրով բուհերի մագիստրոսներին առաջարկվում է որոշակի թեմաներով իրականացնել լոկալ և առարկայական ուսումնասիրություններ, որոնք հետագայում կարող են դառնալ տվյալ ոլորտի աշխատանքային կամ բիզնես (ներդրումային) ծրագրեր` նպաստելով մարզի բազմաոլորտ զարգացմանը, ինչպես նաև կայուն երաշխիքներ տրամադրել ոլորտն ուսումնասիրած ուսանողներին աշխատատեղերով ապահովման հարցում: «Արդյունքում կձևավորվի բուհ-մարզպետարան-մասնավոր հատված փոխշահավետ համագործակցություն, երբ մագիստրոսական թեզերն ավելի արդյունավետ կծառայեն իրենց նպատակին և չեն դառնա միայն համալսարանների գրադարանային նմուշ»,-նշել է Գարիկ Սարգսյանը՝ ընդգծելով, որ ուսանողները կարող են իրենց թեզերը պաշտպանել հենց մարզպետարանում: Մարզպետը նաև հույս է հայտնել, որ բուհերի հետ համագործակցության այս օրինակը վարակիչ կլինի նաև մյուս մարզերի համար՝ ընդգծելով, որ ծրագրով փորձ է արվում խնդիրների լուծման ավանդական ձևից անցնել գիտական հենքի վրա լուծման տարբերակին՝ 21-րդ դարին համապատասխան: Բուհերի ներկայացուցիչները ևս իրենց հերթին ողջունել են նախաձեռնությունը՝ նշելով, որ բուհերում հետազոտական աշխատանքների մեծ մասը իսկապես մնում է գրադարաններում կամ օգտագործվում որոշակի ուսումնասիրությունների համար:  Նրանց խոսքով՝ բուհից աշխատաշուկա անցումը, բուհ-գործատու կապի ամրապնդման լավագույն օրինակը հենց այս ձևաչափն է, երբ գործատուն պահանջում և կարևորում է այն աշխատանքը, որտեղ կա գիտական միտք, և հետազոտությունները պրակտիկ կիրառություն ունեն իրական կյանքում: Նշենք, որ համաձայն հուշագրի՝ մարզպետարանը պատրաստակամ է բուհին ներկայացնել մարզում առկա որևէ տեղային հիմնախնդիր և/կամ մասնավոր գործընթաց, իսկ բուհն իր հերթին՝ մասնագիտացված ամբիոններում իրականացվող փորձա­քննություն­ների (հետազոտությունների, վերլու­ծութ­­յուն­ների­) միջոցով տվյալ հիմնախնդիրներից գիտական հենքով ձևավորել մագիստրո­սա­կան թեզերի, ատենախոսությունների և այլ գիտագործնական աշխատանքների թեմաներ: Բացի այդ, բուհը պատրաստակամ է տվյալ թեմաները առաջարկել ուսանողներին՝ ամբիոններում և տեղերում հետազոտություններ իրականացնելու, իսկ մարզպետարանը պատրաստակամ է գործուն և առարկայական աջակցություն ցուցաբերել հետազոտություն իրականացնող համալսարանականին: Հուշագրով կողմերը կհամագործակցեն նաև ներդրումային, ինովացիոն, դրամաշնորհային ծրագրերի հա­մա­տե­ղ իրականացման շուրջ՝ հետազոտություններին ներդրումային ծրագրի (արտադրանքի) տեսք տալով, ըստ աշխատանքային անհրաժեշտության՝ համապատասխան սարքավորումների, լաբորատոր և այլ միջոցների օգտագործման և այլ հարցերի շուրջ: Նշենք, որ հուշագիրը ստորագրվել է Արարատի մարզպետարանի և Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Ճարտարապետության և շինարարության հայաստանի ազգային համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի միջև:

Տեղեկատվությունը և լուսանկարները՝ ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքից: