Հանդիպում և համագործակցության ծրագրի քննարկում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում

Դիտումների քանակ՝ 2192

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի և ՀՀ գիտակրթական, գործարար ու հասարակական 9 կազմակերպությունների միջև 2019 թ. սեպտեմբերի 3-ին ստորագրվեց համագործակցության հուշագիր, որի նպատակն է ապահովել համագործակցություն Հայաստանի Հանրապետության ֆինանսատնտեսագիտական մտքի, փորձագիտական ներուժի և տնտեսական քաղաքականության մշակման պատասխանատուների միջև՝ նպաստելով ՀՀ Ազգային ժողովի օրինաստեղծ գործունեության և վերահսկողական գործառույթի արդյունավետության բարձրացմանը:

Վերոհիշյալ նպատակները կենսագործելու համար հուշագրի կողմերը 2020 թ․ հունվարի 12-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում անցկացրեցին նիստ, որի ժամանակ քննարկվեց և հաստատվեց կողմերի 2020-2024 թվականների գործունեության ծրագիրը։

Նիստին ներկա էին հուշագրի կողմերի ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներ, աշխատակիցներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ներկայացուցիչներ։

Նիստի մասնակիցներին ողջույնի խոսք հղեցին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը։

Ծրագրի նախագիծը ներկայացրեց «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը։ Ծրագրի քննարկմանը մասնակցեցին բոլոր ներկաները, որոնք բազմաթիվ կառուցողական առաջարկություններով ամբողջացրին ծրագրի նախագիծը, որն ընդունվեց միաձայն, և որոշվեց այն դնել գործողության մեջ՝ այդ մասին իրազեկելով մասնագիտական հանրությանը։

Նիստի արդյունքներն ամփոփեցին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը և «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին