Հանդիպում ոլորտի գիտակ մասնագետի հետ. ՀՊՏՀ հյուրն էր «Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի» նախագահ Վահագն Համբարձումյանը

Դիտումների քանակ՝ 3769

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ հանդիպում «Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Վահագն Համբարձումյանի հետ:
Հանդիպմանը ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Մերի Բադալյանը, դեկանի տեղակալ Սոնա Ղազարյանը, ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ Ալվարդ Սարգսյանը, կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ Լիանա Գրիգորյանը, դասախոսներ, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանողներ:
Մերի Բադալյանը ներկայացրեց հյուրին և սպասվող դասախոսության թեմատիկ շրջանակը, ռեկտոր Կորյուն Աթոյանը ողջունեց անհրաժեշտ ու օգտակար հանդիպման փաստը և կարևորեց դրա շարունակականությունը:
Վահագն Համբարձումյանը իր ելույթի սկզբում նշեց, որ մինչ ասոցիացիայի գործունեությունը ներկայացնելը, ցանկանում է խոսել հաշվապահի հիմնական գործառույթների մասին, ինչը պարզաբանելու համար նա երկխոսություն սկսեց լսարանի հետ: Ուսանողների հետ կենդանի զրույցի միջոցով բանախոսը վեր հանեց որակյալ հաշվապահի և որակյալ ծառայությունների չափանիշները, որոնք հանգեցին անսխալ, ժամանակին և հոգատար գործունեության անհրաժեշտությանը: Այնուհետև ներկայացրեց աջակցութան այն կառուցակարգը, որը ասոցիացիան տրամադրում է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության հաշվապահական և հարկային հաշվառման համակարգի գործունեության զարգացմանը, և որը ներառում է մասնագիտական աջակցության, ռեսուրսների կառավարման, շուկայում առաջխաղացման և այլ ուղղություններ:
Ասոցիացիայի նախագահը ուսանողների համար պարզաբանեց նաև հաշվառման ու հաշվետվողականության դաշտում հաշվապահի վարքականոնի պահպանման, գիտելիքի թարմացման, փաստաթղթաշրջանառության մեթոդաբանության և գործառույթի այլ առանձնահատկություններ ու պահանջներ: Նա ներկայացրեց հաշվապահության ոլորտում առկա թափուր աշխատատեղերը ոչ միայն Երևանում, այլև ՀՀ մարզերում, ինչպես նաև նաև աշխատաշուկայում ինքնահաստատվելու և հաջողակ հաշվապահի կարիերա ստեղծելու առանձնահատկությունները: 
Թափուր աշխատատեղերի և դիմելու կարգի մասին մանրամասն տեղեկատվություն ներկայացրեց նաև ասոցիացիայի աշխատակիցը:
Ուսանողներն առիթ ունեցան իրենց հետաքրքրող բոլոր հարցերն ուղղել ոլորտի գիտակ ու բազմահմուտ մասնագետին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին