Moodle համակարգի, ընտրովի դասընթացների ներդրում, նոր կրթական ծրագրեր, ՀՊՏՀ 2018-2022թթ. ռազմավարական ծրագիրն արժանացավ համալսարանի խորհրդի հավանությանը
Այսօր կայացավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստը՝ խորհրդի նախագահ Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ, խորդհրդի 32 անդամներից 24-ի, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի և պրոռեկտորների մասնակությամբ: Խորհրդի օրակարգում ՀՊՏՀ 2018-2022թթ. զարգացման ռազմավարության և գործողությունների ծրագրի նախագծի քննարկումն ու հաստատումն էր, իսկ երկրորդ հարցը՝ ռազմավարությունից բխող անմիջական քայլերի իրականացումը:
Նիստը բացեց խորհրդի նախագահ Վաչե Գաբրիելյանը և օրակարգի հաստատումից հետո խորհրդի անդամներին հայտնեց, որ համալսարանի զարգացման ռազմավարական ծրագրի նախագիծը քննարկվել է համալսարանի պրոֆեսորադասախոսական, վարչական կազմի և ուսանողների մասնակցությամբ կայացած ընդլայնված քննարկմանը, որի արդյունքում ներկայացված առաջարկները, չնայած դրանց քիչ լինելուն, արտացոլվել են ռազմավարական ծրագրի նախագծում: «Այսինքն՝ համալսարանի բոլոր շահառուները հնարավորություն են ունեցել ներկայացված ծրագրի վերաբերյալ առաջարկներ և կարծիքներ հայտնելու և դրանց վերաբերյալ աշխատանքային խմբի պարզաբանումներին և մոտեցումներին ծանոթանալու»,- նշեց ՀՊՏՀ խորհրդի նախագահը և ծրագրի ներկայացման համար խոսքը տրամադրեց ռազմավարական ծրագրի աշխատանքային խմբի անդամ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Արմեն Գրիգորյանին:
Արմեն Գրիգորյանը նախ նշեց, որ ՀՊՏՀ զարգացման նոր ռազմավարության մշակումն իրականացվել է ՀՊՏՀ կառավարման խորհրդի 2018 թվականի հունվարի 19-ի նիստում կայացված որոշման արդյունքում, ապա հակիրճ ներկայացրեց ռազմավարական ծրագրի էությունը, ուսումնասիրության արդյունքները, որոնք եղել են ծրագրի կազմման հիմքում, ապա կանգ առավ ծրագրով նախատեսված գործողություններին, դրանց իրականացման եղանակներին ու հնարավորություններին:
«Ռազմավարության մշակման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի կողմից իրականացվել է ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի, ՀՊՏՀ մասնագիտացման հատվածի և դրա գործունեության համալիր վերլուծություն, ինչի արդյունքների ամփոփմամբ ներկայացվել են համալսարանի ուժեղ և թույլ կողմերը ու մատնանշվել են ներկայումս մեր առջև ծառացած մարտահրավերներն ու ռիսկերը, որոնց համալիր լուծման ու ձեր կողմից մատնանշված առաջնահերթությունների համադրմամբ էլ մեր կողմից մշակվել է նոր ռազմավարությունը»,- նշեց աշխատանքային խմբի ներկայացուցիչը: Արմեն Գրիգորյանը անդրադարձավ կրթական շուկայի և բարձրագույն կրթության կազմակերպման ձևերի սրընթաց վերափոխումներին, համալսարանի կրթական ծառայություններից օգտվողների պահանջմունքների ոչ բավարար մակարդակին, համալսարանը երիտասարդ և բանիմաց կադրերով ապահովվելու չգոհացնող տեմպերին, ուսանողների թվաքանակի կրճատմանը և բարձրագույն կրթության ոլորտում առկա մյուս մարտահրավերներին, որոնք էական փոփոխությունների անհրաժեշտություն են առաջադրում համալսարանին:
Ռազմավարական ծրագիրը միտված է կրթության ոլորտում ՀՊՏՀ դիրքերի ամրապնդման և համալսարանի առաջընթաց զարգացումն ապահովելուն: «Առանցքում երեք կարևոր բաղադրիչներ են՝ որակը, արդյունավետությունը և կիրառականությունը: Ռազմավարությունը շեշտադրել է 5 գերակա նպատակներ՝ կրթական ծրագրերի որակի բարձրացում, գործունեության արդյունավետության բարձրացում, կիրառական հետազոտություններ-կրթություն ինտեգրման և կիրառական հետազոտություններ-տնտեսություն համագործակցության ապահովում, միջազգայնացման ընդլայնում, ակադեմիական էթիկայի և սոցիալական պատասխանատվության սկզբունքների և հակակոռուպցիոն միջոցառումների ներդրում»,-ընդգծեց Արմեն Գրիգորյանը` մատնանշելով ծրագրի առաջնահերթությունները՝ որակյալ նոր ուսանողների ներգրավման ավելացման նպատակով մուտք գործել բարձրագույն կրթության այլ մասնագիտությունների (հատկապես միջոլորտային) բնագավառներ, մշակել մրցակից բուհերի կրթական ծրագրերից բնորոշիչ տարբերակմամբ ծրագրեր՝ շեշտադրելով կրթական ծրագրերի կիրառական և հետազոտական բաղադրիչները, մշակել ՀՀ և արտերկրի բուհերի հետ իրականացվող համատեղ, հիմնականում միջոլորտային կրթական ծրագրեր՝ փորձելով ուսանողներ ներգրավել բարձրագույն կրթության տարբեր ոլորտների հետ հատման տիրույթում, ուսանողին ընձեռել ուսման տևողությունը, կրթական մոդուլով ապահովվող վերջնարդյունքին նպաստող դասընթացները, իսկ հետագայում նաև դասավանդողին ընտրելու հնարավորություն, կրթական ծրագրերում մեծացնել ուսանողների կամընտրության դրսևորման հնարավորությունը, ընտրովի դասընթացների տեսակարար կշիռը կրթական ծրագրի ներկայիս 7,5-12,5% մակարդակից հասցնելով մինչև 25%-ի, ուսանողներին կամընտրության մեծացման և անհատական կրեդիտային բեռնվածքի հնարավորության ընձեռնման նպատակով ձևավորել տեխնիկական (Էլեկտրոնային դեկանատ, ռեգիստրարներ),կադրային (մասնագիտական կողմնորոշման ստորաբաժանում), մեթոդական ու իրավական հենքեր, հեռակա ուսուցման կրթաձևի կորուստը փորձել փոխհատուցել հեռավար ուսուցմանն անցմամբ և այդ նպատակով ձևավորել անհրաժեշտ տեխնիկական (Moodle համակարգ) և մեթոդական ռեսուրսներ (նոր ինստիտուցիոնալ կարողություններ և մեթոդական ռեսուրսներ), Moodle համակարգը ծառայեցնել նաև իբրև հարթակ՝ առկա կրթաձևում դասախոս-ուսանող արտալսարանային շփման (անհատական խորհրդատվության) համար և այլն:
«Հատկանշական է, որ ինչպես ներբուհական քննարկումների, այնպես էլ ՀՊՏՀ գիտական խորհրդում կազմակերպված քննարկման ընթացքում այն ստացել է բուհի գործունեության ամենակարևոր շահառուների՝ մեր ուսանողների և գործընկերների աջակցությունը, ինչը մեզ հնարավորություն է ընձեռել ռազմավարությունը ներկայացնելու ձեր քննարկմանը և հայցելու ձեր համաձայնությունն այն հաստատելու և իրագործելու հարցում»,- եզրափակեց Արմեն Գրիգորյանը:
Խորհուրդը միաձայն քվեարկությամբ հաստատեց ՀՊՏՀ 2018-2022թթ. զարգացման ռազմավարության և գործողությունների ծրագիրը: Խորհրդի նախագահ Վաչե Գաբրիելյանն ընդգծեց, որ սույն ռազմավարության հաստատմամբ ՀՊՏՀ-ն հայտարարում է ծրագրում արտացոլված ուղենիշները կյանքի կոչելու և այդ քաղաքականությունը հստակորեն իրականացնելու իր մոտեցումը: Անդրադառնալով արդեն ռազմավարությունից բխող անմիջական քայլերի իրականացմանը՝ խորհրդի նախագահը նշեց, որ այս ծավալուն ծրագիրը պահանջում է տեխնլոգիական ներդրումներ, moodle համակարգի գործարկում, մի շարք փաստաթղթերի մշակում և գործողությունների կատարում, որն իրագործելու նպատակով պետք է ձևավորվի աշխատանքային խումբ: Ռազմավարությունից բխող անմիջական քայլերի իրականացման հարցերը հավանության արժանացան 22 կողմ, 2 ձեռնպահ քվեարկությամբ:
Նշենք, որ ՀՊՏՀ 2018-2022թթ.զարգացման ռազմավարության և գործողությունների ծրագրի նախագիծը ամիսներ առաջ հրապարակվել է ՀՊՏՀ պաշտոնական կայքում և հրապարակային փոստաթուղթ է, որին կարող եք ծանոթանալ այստեղ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին