«Սովորելու մոտիվացիա». ուսանող-դասախոս կառուցողական երկխոսություն
Ուսանողի սովորելու մոտիվացիան պարզելու, ՀՊՏՀ-ում կրթական միջավայրի առավելություններն ու թերությունները քննարկելու և կրթության որակի բարելավմանն ուղղված առաջարկություններ մշակելու նպատակով, մարքեթինգի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Մարինե Նիկողոսյանը մարքեթինգ մասնագիտության 3-րդ կուրսում այսօր «Մարքեթինգային հետազոտություններ» առարկայի դասին անցկացրեց ֆոկուս խումբ: Այն «Սովորելու մոտիվացիա» թեմայով բաց և անկեղծ երկխոսություն էր, այնպիսի հարցերի արծարծում, որոնց նպատակն էր պարզել, օրինակ՝ ինչո՞ւ են ընտրել մարքեթինգ մասնագիտությունը, ՀՊՏՀ-ն, ի՞նչն է խթանում լավ սովորել կամ հակառակը, ինչպիսի՞ն է համալսարանական միջավայրը, ի՞նչ բարեփոխումներ են ակնկալում, հատկապես, ինչպես դասախոսը նշեց, «այն փուլում, երբ ՀՊՏՀ-ն փոփոխությունների գործընթացում է»:
«Ֆոկուս խումբ ենք անցկացնում, որովհետև հարցազրույցի այս ձևը թույլ է տալիս հավաքագրել իրական ինֆորմացիա, ուսանողը չի կաշկանդվում իր կարծիքն ազատորեն արտահայտել և հավաքագրման այս «անկեղծ» մեթոդի արդյունքում կարող է ծնվել ամենակրեատիվ գաղափարը (առաջարկությունը): Նախաձեռնությունն, իհարկե, ուսումնական նշանակություն ունի»,-ասաց դասախոսը:
Վերլուծելով արդյունքները՝ Մարինե Նիկողոսյանը շեշտադրեց հետևյալը. ուսանողներն անկեղծանում են, որ էական է առարկայի հետաքրքիր մատուցման ձևը, ուսանողի՝ կրթության որակի հանդեպ պահանջատեր լինելու հանգամանքը: Նշենք, որ հավաքագրված տեղեկատվությունն անանուն է, դրա հիման վրա դասախոսը պատրաստվում է հանդես գալ համապատասխան առաջարկություններով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին