ՀՊՏՀ ուսանողների համար մեկնարկում է MS Office-ի դասընթաց. հանդիպում հայտագրված ուսանողների հետ

Դիտումների քանակ՝ 1934

ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողները հոկտեմբերի 1-ից կմասնակցեն MS Office-ի  անվճար լրացուցիչ դասընթացների: Սա բուհի ղեկավարության նոր նախաձեռնությունն է, որը շարունակական է լինելու և ապահովելու է ուսանողի բազմակողմանի զարգացումը:

Դասընթացների մեկնարկից առաջ այսօր ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը հանդիպեց հայտագրված ուսանողների, տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ Վարդան Սարգսյանի, ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանի, շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի պետ Աղավնի Հակոբյանի և բաժնի աշխատակիցների հետ՝ համատեղ քննարկելու դասընթացին առնչվող բովանդակային և կազմակերպական հարցերը: Ողջույնի խոսքում բուհի ղեկավարն ընդգծեց, որ ուսանողները դասընթացի նկատմամբ բավականին մեծ հետաքրքրություն են ցուցաբերել, և նման կարճաժամկետ ծրագրերով համալսարանի ղեկավարությունը փորձում է լրացնել ուսանողների ոչ մասնագիտական գիտելիքների բացը: Դիանա Գալոյանը հայտնեց, որ կոնկրետ MS Office-ի դասընթացը կազմակերպվում է՝ նկատի ունենալով ուսանողության ցանկությունը, միաժամանակ, սա գործնական գիտելիքի հաղորդման մի եղանակ է:

Վարդան Սարգսյանն անդրադարձավ դասընթացի բովանդակային կողմին՝ նշելով, որ պարապմունքները նվիրված են լինելու Word, Ecxel, Acsess ծրագրերին, անցկացվելու են համակարգչային լսարաններում, վարելու են ՀՊՏՀ երիտասարդ դասախոսները:

Աղավնի Հակոբյանն էլ պարզաբանեց կազմակերպական հարցերը. դասընթացը ներառելու է 15 դաս՝ 1.5 ժամ տևողությամբ, հանդիպումները լինելու են դասերի ավարտից հետո:

Ռեկտորի պաշտոնակատարը և ծրագրի կազմակերպիչները պատասխանեցին ուսանողների հարցերին, ինչպես նաև լսեցին նրանց կարծիքներն ու առաջարկությունները:

Նախատեսվում է դասընթացներ կազմակերպել նաև այլ թեմաներով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին