Դասախոսների շարժունության նոր օրինակ «Էրազմուս+»-ից

Դիտումների քանակ՝ 1069

ԵՄ «Էրազմուս+»-ի շրջանակում դասավանդման նպատակով դասախոսների շարժունության ծրագրով ապրիլի 7-15-ը ՀՊՏՀ աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Մարիա Սահակյանը գտնվել է Սլովակիայում և դասախոսել Բրատիսլավայի տնտեսագիտության և հանրային կառավարման բարձրագույն դպրոցում։
Այցելության ընթացքը, Մարիա Սահակյանի մեկնաբանմամբ, հագեցած ու հետաքրքրական է եղել. հանդիպել է Բրատիսլավայի տնտեսագիտության և հանրային կառավարման բարձրագույն դպրոցի պրոռեկտոր Ստանիսլավ Ֆլիպի, կառավարման ամբիոնի դոցենտ Կատարինա Ստախովայի և այլ դասախոսների ու վարչական աշխատակիցների հետ։
«Կառավարում մասնագիտության բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանողների համար դասախոսել եմ «Պարգևատրման համակարգի առանձնահատկությունները ՀՀ-ում» և «Մարդկային ռեսուրսների ուսուցումն ու զարգացումը» թեմաներով (պետք է նշել, որ Սլովակիայի շատ բուհերում բակալավրական կրթությունը եռամյա է)։ Այնուհետ հանդիպել եմ «Էրազմուս+» ծրագրով Սլովակիայում ուսումնառող արտասահմանցի ուսանողների հետ և նրանց համար դասախոսություն կարդացել «Կառավարչական որոշումների ընդունում» թեմայով։ Այդ դպրոցի «Էրազմուս+» ծրագրի համակարգող Մարիան Կովաչի նախաձեռնությամբ և ուղեկցությամբ այցելել ենք Բրատիսլավայի տեսարժան վայրեր»,- մեզ հետ զրույցում ասաց Մարիա Սահակյանը և լրացրեց, որ ծրագրի շրջանակներում նաև պայմանավորվածություններ են ձեռք բերվել համատեղ մագիստրոսական ծրագրերի ստեղծման և համատեղ գիտական հետազոտություններ, գիտաժողովներ կազմակերպելու հեռանկարներն ու հնարավորությունները քննարկելու ուղղությամբ։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին