ՀՊՏՀ բազկամարտիկների հաջողությունը ՀՀ բուհերի ուսանողների 19-րդ մարզական հանրապետական խաղերում

Դիտումների քանակ՝ 1385

Մարտի 17-ին սեղանի թենիսի մրցումներով մեկնարկել է ՀՀ բուհերի ուսանողների 19-րդ մարզական հանրապետական խաղերը, որի շրջանակում ավանդաբար անցկացվում են լողի, հրաձգության, բասկետբոլի, վոլեյբոլի, հանդբոլի (ձեռքի գնդակ), շախմատի, սեղանի թենիսի, ֆուտզալի, ձյուդոյի, կրոսավազքի, ուժային եռամարտի առաջնություններ: Այս տարի ընդգրկվել է նաև ազգային խաղեր մարզաձևը, ինչպես նաև, 12 տարի ընդմիջումից հետո, բազկամարտը:
Կազմակերպիչներն են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան, որի գլխավոր քարտուղարն է մեր համալսարանի ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Գաբրիելյանը: Մեր համալսարանը առաջնությանը մասնակցում է բոլոր մարզաձևերում:
Մարտի 24-25-ին, գարնանային փուլի շրջանակներում, ՀՊՏՀ կենտրոնական մարզադահլիճում, հայաստանյան 7 բուհերի 40-ից ավելի ուսանող-մարզիկ բազկամարտիկների մասնակցությամբ, առաջնությունն անցկացվել է 5 քաշային կարգերում՝ 60, 70, 80, 90, 90+ կգ:
ՀՊՏՀ թիմում ընդգրկված է եղել 6 մարզիկ, որից 4-ը նվաճել են մրցանակային մեդալներ ու պատվոգրեր: Թիմի մարզիչ, ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի դասախոս Արման Գուլյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մրցամարտերն անցկացվել են ՀՀ բազկամարտի ֆեդերացիայի անմիջական ու անաչառ հսկողությամբ՝ կազմակերպելով մրցավարությունն և վիճակահանությունը:
Եվ այսպես. 60 կգ քաշային կարգում ձախ ձեռքով 1-ին, աջով՝ 2-րդ հորիզոնականն է գրավել ֆինանսական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Գոռ Թաթոյանը:
80 կգ քաշային կարգում և' աջ, և' ձախ ձեռքով բացարձակ հաղթող է դարձել ֆինանսական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Վահան Տեր-Բալյանը. նույն քաշային կարգում աջ ձեռքով 2-րդ տեղը՝ կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Էմանուել Հակոբյանը: 90 կգ քաշային կարգում ձախ ձեռքով 3-րդ տեղն է գրավել ֆինանսական ֆակուլտետի (հեռակա) 1-ին կուրսի ուսանող Մելս Թորոսյանը:
«Ցանկանում եմ շնորհավորել ու շնորհակալություն հայտնել մեր մարզիկներին փայլուն մասնակցության, հարազատ բուհի պատիվը բարձր պահելու համար և մաղթել նորանոր մարզական ձեռքբերումներ: Հիշեցնեմ, որ Վահան Տեր-Բալյանը մայիսի 25-ին մեկնում է Բուլղարիա՝ մասնակցելու Եվրոպայի բազկամարտի առաջնության: Հավատով ու ոգևորությամբ սպասում ենք նրա նոր հաղթանակներին»,-ասաց Արման Գուլյանը:
Մենք նույնպես շնորհավորում ենք մեր ուսանող-մարզիկներին և հաջողություն մաղթում բոլորին թե՛ ուսման մեջ, թե՛ սպորտում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին