Աշխատաժողով Կոշիցեում՝ ՐԻՖԱՅՆ նախագծի շրջանակներում

Դիտումների քանակ՝ 1384

Ս.թ.մարտի 12-15-ը Սլովակիայի Կոշիցե քաղաքում կայացել է «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում իրականացվող «Ֆինանսների մագիստրոսական ծրագրերի բարեփոխում Հայաստանում և Մոլդովայում» (ՐԻՖԱՅՆ) նախագծի առաջին աշխատանքային փաթեթի աշխատաժողովը, որին մասնակցել են ՀՊՏՀ ուսումնական բաժնի պետ Աղավնի Հակոբյանը և ֆինանսների ամբիոնի ասիստենտ Վանինե Երանոսյանը:
Ինչպես հայտնում են ծրագիրը համակարգող ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից, հանդիպման շրջանակներում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են առաջին աշխատանքային փաթեթի արդյունքները, գործընկեր-համալսարանների կողմից մշակված մագիստրոսական կրթական ծրագրերի բարեփոխման ուղենիշները, ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետության բարձրացման ուղիները, ինչպես նաև աշխատանքների պատշաճ կազմակերպմանն առնչվող հարցեր:
Վանինե Երանոսյանը մանրամասն ներկայացրել է ՀՊՏՀ ուսանողների, շրջանավարտների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամների և գործատուների շրջանում անցկացված հարցումների արդյունքները՝ վերհանելով «Կորպորտիվ ֆինանսներ» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտների աշխատաշուկայի կողմից առավել պահանջված հմտությունները և կարողությունները, աշխատաշուկայի փոփոխվող պահանջներին համարժեքորեն արձագանքելու բուհի հնարավորությունները, ինչպես նաև ներքին և արտաքին շահակիցների կողմից համանման հմտությունների և կարողությունների արժևորման տարբերությունները:
Աղավնի Հակոբյանը ներկայացրել է ՀՊՏՀ-ում մագիստրոսական կրթական ծրագրերի մշակման գործընթացը և կառուցակարգերը, ուսումնառության վերջնարդյունքների վրա հիմնված ՄԿԾ-ների մշակման, գնահատման և վերանայման չափանիշները, ինչպես նաև ՀՊՏՀ-ում ՄԿԾ-ների արդիականացմանը, ուսումնառության և դասավանդման ժամանակակից մեթոդների ներդրմանն ուղղված քայլերը:
Հանդիպման շրջանակներում ձեռք է բերվել պայմանավորվածություն ս.թ. հունիսին Հայաստանի և Մոլդովայի գործընկեր-համալսարաններ այցեր կազմակերպելու վերաբերյալ՝ բուհերում կրթական ծրագրերի մշակման և կատարելագործման կառուցակարգերին տեղում ծանոթանալու համար:
Նշենք, որ ՐԻՖԱՅՆ-ը բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման եռամյա նախագիծ է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից: Նախագծի գործողությունները նախատեսված են 2017 թ. հոկտեմբերից մինչև 2020 թվականի հոկտեմբերը: Նախագծի նպատակների, վերջնարդյունքների, գործընկերների, ինչպես նաև նախագծում ՀՊՏՀ դերի մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքում և նախագծի պաշտոնական կայքում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին