«Բնակարանաշինությունը՝ որպես տնտեսական աճի խթանման միջոց». քննարկում ՀՊՏՀ տնտեսագետ գիտնականների ծրագրի շուրջ

Դիտումների քանակ՝ 1348

«Բնակարանաշինությունը՝ որպես տնտեսական աճի խթանման միջոց» թեմայի շուրջ այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ քննարկում, որին ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի հրավերով մասնակցում էին ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, նաև համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ՝ բուհի ռեկտորի գլխավորությամբ:

Բացելով հանդիպումն ու շնորհակալություն հայտնելով հյուրերին քննարկմանը մասնակցելու համար՝ ռեկտոր Կորյուն Աթոյանը հայտնեց, որ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում 2015թ. ձևավորվել է հետազոտական խումբ, որը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ զբաղվել է տնտեսության իրական հատվածի աշխուժացման ու զարգացման ճանապարհների որոնմամբ: Արդյունքում հետազոտական խումբը տնտեսության զարգացման համար հանդես է եկել ծրագրով, որը նախատեսում է տնտեսության իրական հատվածի աշխուժացում  բնակարանաշինության միջոցով: Ծրագիրը հունվարին ներկայացվել է Կառավարությունում, իսկ այսօր հնարավորություն է ստեղծվել ավելի մանրամասն քննարկելու այն:

Ռեկտոր Կորյուն Աթոյանը համառոտ ներկայացրեց առաջարկվող ծրագրի հիմնավորումներն ու կազմակերպման ընթացակարգը: Ռեկտորի խոսքով՝ բնակարանաշինությունը միակ ոլորտն է, որը հնարավորություն է ընձեռում ներքին շուկայում ձևավորել որոշակի երաշխավորված պահանջարկ, բնակարանաշինությունը համակարգաստեղծ ոլորտ է՝ օժտված մուլտիպլիկատիվ և սիներգիկ մեծ էֆեկտով, այս ոլորտում օգտագործվում են 1100-ից ավելի ապրանքատեսակներ, մեծ ներդրումներ հարկավոր չեն, ծրագիրն աչքի է ընկնում հատույցի մեծ էֆեկտով և տնտեսական տարեկան աճը կարող  է կազմել առնվազն 1,5 տոկոս: Կորյուն Աթոյանը, ներկայացնելով գործընթացի կազմակերպական մասը, շեշտեց, որ բնակարանաշինությունը դիտարկվում է ոչ թե բիզնես, այլ արտադրությունը զարգացնելու և դրանով իսկ տնտեսության իրական հատվածն աշխուժացնելու միջոց. ծրագրի իրականացմամբ կլուծվի նաև ժողովրդագրական և սոցիալական լուրջ խնդիր՝ ազգաբնակչությունը կապահովվի մատչելի, էկոնոմ դասի բնակարաններով: Ռեկտոր Կորյուն Աթոյանը շեշտեց, որ իրենց առաջարկը որևէ այլ ծրագրի կամ Կառավարության սահմանած գերակայությունների հետ հակադրություն չունի, սա մի ծրագիր է, որն ունի մեծ ներուժ՝ իր հերթին նպաստելու տնտեսական աճին:

Արծվիկ Մինասյանը, Վարդան Բոստանջյանն ու Թաթուլ Մանասերյանը հանդես եկան մի շարք հարցադրումներով, մասնավորապես՝ ինչպե՞ս իրականացնել գործընթացը, ի՞նչ գումարներով կյանքի կոչել ծրագիրը, արդյո՞ք ծրագրի իրականացումը կարող է առաջացնել նաև հարկային քաղաքականության փոփոխություն և այլն: Հարցադրումներով հանդես եկան նաև ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ղեկավար Սամվել Ավետիսյանը: Բարձրացված հարցերին արձագանքեցին ռեկտորը, ով հետազոտական խմբի ղեկավարն է, ինչպես նաև հետազոտական խմբի անդամները՝ ՄՏՀ ամբիոնի դոցենտ, տ.գ.դ. Դավիթ Հախվերդյանը, մարքեթինգի  և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան, տ.գ.թ. Թաթուլ Մկրտչյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ազգային մրցունակության և միջազգայնացման հետազոտություններ» ծրագրի տնօրեն, տ.գ.թ. Արմեն Գրիգորյանը, վիճակագրության ամբիոնի վարիչ, տ.գ.թ. Կարեն Հակոբյանը: Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տ.գ.դ. Աշոտ Թավադյանը, անդրադառնալով ներկայացված ծրագրին, կարծիք հայտնեց, որ այն արդյունավետ և «աշխատող» սոցիալ-տնտեսական ծրագիր է:

Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ ծրագիրը արագ աշխատատեղեր կստեղծի և կապահովի զարգացում, իրականացման մեխանիզմներն ավելի հստակեցնելու հարցում աջակցություն հայտնեց Թաթուլ Մանասերյանը, իսկ Վարդան Բոստանջյանը շեշտեց, որ գաղափարը շատ ընդունելի է, միայն պետք է ավելի մանրամասն կանգ առնել ծրագրի իրականացման հնարավորությունների վրա:

Ռեկտոր Կորյուն Աթոյանը, եզրափակելով հանդիպումը, շեշտեց, որ հետազոտական խմբի համար կարևորը համոզվելն էր, որ ծրագիրն ընդունելի է նաև մասնագիտական շրջանակների համար, իսկ իրականացման գործընթացը կարելի է քննարկել ու հստակեցնել:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին