ՀՊՏՀ-ում սկսվել է հեռակա մագիստրատուրայի դիպլոմների հանձնման գործընթացը. հեռակա մագիստրատուրան կավարտեն 303 շրջանավարտներ (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1569

Տնտեսագիտական համալսարանի հեռակա ուսուցման մագիստրատուրայի 2015-2016 ուսումնական տարվա շրջանավարտներն այս օրերին ստանում են ավարտական վկայականները՝ դիպլոմները: ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի, ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանի, ռեկտորի խորհրդական Գրիգոր Կիրակոսյանի, ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանի, ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանի և ՄՏՀ ամբիոնի ղեկավար Գրիգոր Նազարյանի մասնակցությամբ այսօր հանդիսավոր կերպով հանձնվեցին տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի 2 մասնագիտացման շրջանավարտների մագիստրոսական դիպլոմները: ՄՏՀ արտաքին առևտրային քաղաքականություն և միջազգային արժութաֆինանսական հարաբերություններ մասնագիտացումները հեռակայում ևս տվեցին առաջին շրջանավարտները, համապատասխանաբար՝ 12 և 11: Շրջանավարտներից 2-ը արժանացել են գերազանցության վկայականի (կարմիր դիպլոմ):

Ներկաներին ողջունեց ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ նշելով, որ հանդիպման առիթը հաճելի և հուզիչ է՝ բուհի ղեկավարությունը մեծ կյանք է ճանապարհում մագիստրանտների հերթական սերնդին: Շնորհավորելով շրջանավարտներին այս հիշարժան առիթով՝ ռեկտորը մաղթեց առողջություն, անձնական երջանկություն և ձեռքբերումներ աշխատանքում: Ռեկտորի խոսքով՝ համալսարանը առաջին հերթին բարձրագույն կրթական ծառայություն մատուցող հաստատություն է, բայց պակաս կարևոր չէ երկրի արժանավոր քաղաքացիներ դաստիարակելու գործը:

«Ձեր կյանքում սկսվում է մի նոր ժամանակաշրջան: Բարի  երթ և մեծ հաջողություն եմ ցանկանում ձեզ ու նաև հորդորում եմ բարձր պահել բուհի պատիվը, չխզել կապը հարազատ համալսարանի հետ, որտեղ, վստահեցնում եմ, ձեզ միշտ սպասում են»,-ասաց ռեկտոր Կորյուն Աթոյանը:

ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը, միանալով շնորհավորանքներին, նշեց, որ ուսումնառության 2,5 տարվա ընթացքում ոմանք փորձել են խորացնել բակալավրատում ձեռք բերած գիտելիքները, իսկ այլ մասնագիտություններից մագիստրատուրա դիմած ուսանողները կարողացել են հաղթահարել  դժվարությունները: Դեկանը ուրախությամբ ընդգծեց, որ մագիստրոսներից շատերն աշխատում են մասնագիտությամբ: «Սա նշանակում է, որ դուք մրցունակ եք, ինչը մեզ մի նոր լիցք է հաղորդում մեր աշխատանքում»,- շեշտեց Ատոմ Մարգարյանը:

ՄՏՀ ամբիոնի ղեկավար Գրիգոր Նազարյանը բարի երթ մաղթեց շրջանավարտներին և նշեց, որ նոր մասնագիտացումները կայացան հենց ուսանողների աջակցությամբ:

Երախտագիտության խոսք ասաց շրջանավարտ, կարմիր դիպլոմակիր  Սեդա Մանուկյանը: Նա նշեց, որ 2,5 տարվա ընթացքում դասախոսների շնորհիվ կարողացավ  որոշակիորեն տիրապետել միջազգային արժութաֆինանսական հարաբերություններ մասնագիտությանը:

Այնուհետև ռեկտոր Կորյուն Աթոյանը հանձնեց դիպլոմները՝ կրկին շնորհավորելով շրջանավարտներին:

Շնորհավորում ենք ձեզ սիրելի ուսանողներ և մաղթում, որ մագիստրոսական կրթությունը նպաստի ձեր առաջընթացին և բարեկեցությանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին