Ամենաշատ գիտական հրապարակումներ հեղինակած ամբիոններն ու դասախոսները կարժանանան խրախուսման. տեղի ունեցավ գիտխորհրդի հերթական նիստը

Դիտումների քանակ՝ 1348

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ համալսարանի գիտական խորհրդի  2016թ. առաջին նիստը՝  գիտական խորհրդի նախագահ, ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ:

ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը հանդես եկավ «Համալսարանի 2015թ. գիտահետազոտական գործունեության արդյունքները և 2016թ. խնդիրները» զեկուցմամբ՝ անդրադառնալով համալսարանի գիտական գործունեության ինստիտուտցիոնալ կարողությունների զարգացմանը, գիտական աշխատանքների կատարման ուղղություններին, «Ամբերդ» հետազոտական կենտրոնում, գիտաուսումնական խմբերում և ամբիոններում կատարված աշխատանքներին,  ներկայացրեց 2015թ. գիտական հրապարակումները, ամենաշատ գիտական աշխատանքներ (այդ թվում՝ միջազգային) հեղինակած ամբիոնների և աշխատակիցների ցանկը, անդրադարձավ գիտահետազոտական աշխատանքներում ուսանողների  ներգրավվածությանը, առկա խնդիրներին, նախանշված անելիքներին: Պրոռեկտորը նշեց, որ համալսարանի 2015թ գիտական գործունեության մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել բուհի տարեկան հաշվետվությունում, որն, ի դեպ, հասանելի է համալսարանի պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ http://media.asue.am/upload/Copy_of_NOR_HASHV.pdf: Գիտխորհուրդն արձանագրեց, որ 2015թ. գիտահետազոտական աշխատանքների ծավալն, ընդհանուր առմամբ, կատարված է և համալսարանի 2015թ. գիտահետազոտական գործունեության արդյունքները գնահատեց բավարար:

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը հանձնարարեց 2015թ. ամենաշատ գիտական հրապարակումներ հեղինակած 3 ամբիոնների և 3 դասախոսների ներկայացնել դրամական խրախուսման: Ռեկտորը շեշտեց, որ ինքը մտադիր է այս մոտեցումը արմատավորել նաև հետագայում՝ մինչ այդ հստակեցնելով նաև խրախուսման ձևաչափը:

Ռեկտորը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց գիտական խորհրդի 2015-2016 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի աշխատանքային պլանը, որը հաստատվեց: Բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր, մանդատային հանձնաժողովի նախագահ Սուրեն Գևորգյանը ներկայացրեց պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ  ստանալու մասին հարցը: Գիտական խորհուրդը փակ, գաղտնի քվեարկությամբ որոշեց միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ, դոկտոր Դավիթ Հախվերդյանին պրոֆեսորի, նույն ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Էրիկ Համբարձումյանին և աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Լուսինե Կարապետյանին դոցենտի գիտական կոչումներ շնորհելու հարցով  դիմել ԲՈՀ-ին:

Ընթացիկ հարցերի շարքում հաստատվեցին ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին