5 ամսով ՀՊՏՀ-ում կհյուրընկալվի Ֆուլբրայթի կրթաթոշակակիր 1 դասախոս

Դիտումների քանակ՝ 1314

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում 2015-2016 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում 5 ամսով կհյուրընկալվի Ֆուլբրայթ հիմնադրամի մեկ կրթաթոշակակիր՝ ԱՄՆ-ի Մաքուեթի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դասախոս Փիտր Թումանոֆը: Նա արդեն ժամանել է և նրան այսօր իր աշխատասենյակում ընդունեց ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը:

Համալսարանի ռեկտորը, ողջունելով Փիտր Թումանոֆին, շնորհակալություն հայտնեց մեր համալսարանում հյուրընկալվելու համար, ապա հավելեց, որ իրենք ծանոթացել են դասախոսի կենսագրությանը և պատիվ են համարում նման բարձրակարգ մասնագետին հյուրընկալելը: Կորյուն Աթոյանը հույս հայտնեց, որ առաջիկա 5 ամիսներն արդյունավետ կլինեն ոչ միայն ՀՊՏՀ ուսանողների, այլև պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար: Իր հերթին Փիտր Թումանոֆը շնորհակալություն հայտնեց  հյուրընկալության համար և նշեց, որ մեծ հաճույքով է արձագանքել բուհից ստացված հրավերին:

Ռեկտոր Կորյուն Աթոյանը Ֆուլբրայթի կրթաթոշակակիր դասախոսին այսօր ներկայացրեց նաև գիտխորհրդին: Խոսելով համալսարանի միջազգայնացման գործընթացի մասին՝ ռեկտորը շեշտեց, որ համալսարանների միջազգայնացումն առաջադրում է նոր խնդիրներ, որոնց լուծումը, կրթության որակի բարձրացումը անհնար է ապահովել առանց միջազգային ծրագրերի ու փոխշփումների: Այս առումով, բուհի ղեկավարի խոսքով, ՀՊՏՀ-ն արդեն իսկ ունի որոշակի հաջողություններ, մասնավորապես` փոխանակման ծրագրերով մեր համալսարանից արտերկրի համալսարաններ կմեկնեն ուսանողներ և դասախոսներ, ՀՊՏՀ-ն նույնպես կհյուրընկալի արտերկրի համալսարանների ուսանողների և դասախոսների: Կորյուն Աթոյանը շեշտեց, որ ամերիկյան Ֆուլբրայթ ծրագիրը հնարավորություն է ստեղծել այս տարի հյուրընկալելու մեկ դասախոսի, ապա ներկայացրեց նրա աշխատանքային կենսագրությունն ու մասնագիտական ոլորտը՝ հույս հայտնելով, որ փոխգործակցությունն օգտակար կլինի:

Փիտր Թումանոֆը շնորհակալություն հայտնեց ստեղծված հնարավորության համար, շեշտեց, որ ինքը եղել է Ռուսաստանում, բայց չի եղել Հայաստանում, նշեց, որ իրեն Հայաստանի հետ կապում են հարազատ կապեր՝ հայրն ու պապը Երևանում են ծնվել: «Ուրախ եմ, որ այս 5 ամիսը ես և կինս հնարավորություն ունենք ապրելու և աշխատելու Երևանում»,- ասաց նա:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին