Կրթության որակը՝ հետազոտության առանցքում. ԳՈւԽ սեմինար

Դիտումների քանակ՝ 1330

2015-2016թթ. գիտաուսումնական խմբերի հաշվետվությունների ներկայացման առաջին փուլի շրջանակներում այսօր «Բարձրագույն կրթության կառավարում» խմբի շնորհանդեսն էր, որին ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը, կենտրոնի աշխատակիցները, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ:

Սույն խումբը ղեկավարում է ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը: Խմբի անդամ, տ.գ.թ. դոցենտ Նարեկ Ղուկասյանը  ամփոփ անդրադարձավ խմբի ընթացիկ աշխատանքին՝ ընդգծելով՝ հետազոտության առանցքում ուսանողների՝ կրթության որակից բավարարվածության ուսումնասիրությունն է, որը փորձում են բացահայտել  բակալավրիատի 2-րդ և 3-րդ, մագիստրատուրայի 1-ին կուրսերում հարցումների միջոցով: Այնուհետև խոսքը տրամադրվեց զեկուցողներին:

Բ.գ.թ., դոցենտ Սուսաննա Չալաբյանը խոսեց Շվեդիայի Բորասի համալսարանի կրթության որակի չափանիշների կառավարման մասին, կանգ առավ TQM մոդելի վրա, ապա ներկայացրեց այն ՀՊՏՀ-ում տեղայնացնելու հնարավորությունները, քայլերը:

Հաջորդ զեկուցող, ասպիրանտ Լուսինե Կիրակոսյանն անդրադարձավ կրթական ծառայության որակի ապահովման քաղաքականության նպատակներին, որակի մշակույթի ձևավորման համար անհրաժեշտ քայլերին (SWOT վերլուծություն, ռազմավարական մտածելակերպ, ինքնակառավարում և այլն), առանձնացրեց դասավանդման 2 մոտեցում՝ խորհրդային և նորարարական ոճեր, ցույց տվեց բուհերի ղեկավարների, դասախոսների, աշխատակիցների, ուսանողների կապը կրթության որակի հետ:

Վերջին զեկուցող, մագիստրանտ Սառա Երիցյանը կանգ առավ կրթության որակի ամբողջական կառավարման մոդելի` TQM –ի կիրառման համար անհրաժեշտ քայլերի, տեղայնացման հնարավորությունների, առանձնահատկությունների վրա:

Ունկնդիրները հանդես եկան հարցադրումներով, ծավալվեց քննարկում:

Եզրափակելով սեմինարը՝ ռեկտոր Կորյուն Աթոյանն ասաց, որ հետազոտության թեման հետաքրքիր է բուհի բոլոր աշխատակիցների համար: Անդրադառնալով կրթության որակին՝ ռեկտորը նշեց, որ այն մի ամբողջ շղթա է, որտեղ դերակատարում ունեն դպրոցը, ծնողը, բուհը, դասախոսները, հասարակությունը, աշխատաշուկան և այլն:

Ռեկտորի խոսքով՝ այս հետազոտության  նպատակն է առկա պայմաններում վերհանել կրթության որակի հետ կապված  խնդիրները, առաջարկել լուծումներ, որոնք կնպաստեն ուսանողի բավարարվածությանը իր ստացած  կրթության որակից:

Տեղեկացնենք, որ փետրվարի 8-ին, ժամը 15.00-ին կկայանա ԳՈւԽ հաշվետվությունների ներկայացման 1-ին փուլի վերջին սեմինարը. ելույթ կունենա «Գլոբալացումը և զարգացող երկրների մարտահրավերները» խումբը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին