Մեր համալսարանը՝ միջազգային հերթական ծրագրի մասնակից. մեկնարկային հանդիպում ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1261

ՀՊՏՀ միջազգային ծրագրերի իրականացման կենտրոնում այսօր  տեղի ունեցավ  «ՀԵՐԻՏԱԳ»  (Բարձրագույն կրթության միջդիսցիպլինար բարեփոխումներ՝ զբոսաշրջության կառավարման և կիրառական գեոինֆորմացիոն ուսումնական ծրագրերում (HERITAG))  ծրագրի անդամ համալսարանների, կազմակերպությունների ներկայացուցիչների հետ մեկնարկային  հանդիպում,  որին ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, որակի ապահովման բաժնի աշխատակիցները, ներկայացուցիչներ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից, Իսպանիայից, Վրաստանից, Հունաստանից և այլն:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ նշելով, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը բարձր է գնահատում ծրագիրը և ամեն կերպ կցուցաբերի իր աջակցությունը:  «ՀՊՏՀ-ն և հայաստանյան մյուս բուհերը բարձր են գնահատում եվրոպական կրթական ծրագրերին, եվրոպական համալսարաններին ինտեգրումը՝ ցանկացած ծրագրի շրջանակներում: Կորյուն Աթոյանի խոսքով՝ բուհերի կրթական որակի բարձրացման տեսանկյունից  կարևոր է  նոր մեկնարկող ծրագիրը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ծրագրի համակարգող Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչ Լուիզ Ֆերնանդեսը և արդյունավետ համագործակցության հույս հայտնեց:

Կողմերը քննարկեցին համագործակցության հեռանկարները, ծրագրից ակնկալիքները, ուրվագծվող անելիքները: ՀՊՏՀ հակաճգնաժամային և զբոսաշրջության կառավարման ամբիոնի ասիստենտ Հասմիկ Համբարձումյանը խոսեց Հայաստանում զբոսաշրջության զարգացման հեռանկարների մասին և կարևորեց ոլորտում հետազոտություններ կատարելու հանգամանքը:

Ծրագրի կոնսորցիումի անդամ են Հայաստանի և Վրաստանի 3-ական համալսարաններ, մշակութային ժառանգության, զբոսաշրջության կառավարման ոլորտների կազմակերպություններ (ծրագրի համակարգող՝ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարան):

Տեղեկացնենք, որ «ՀԵՐԻՏԱԳ»-ի նպատակն է մշակել բարեփոխումների համակարգ՝ բարձրագույն կրթական մագիստրոսական ծրագրերի և մշակութային ժառանգության փաստաթղթավորման, զբոսաշրջության կառավարման և ձեռներեցության համար  կիրառելի Գեոինֆորմացիոն տեխնոլոգիաներ՝ կրթությանը շարունակապես ինտեգրելու նպատակով: Ծրագիրը նպաստելու է շահակիցների երեք հիմնական խմբերի՝ համալսարանների, ոլորտի ձեռնարկությունների և հանրային կառավարման մարմինների միջև սիներգիայի ձևավորմանը: Ծրագրային բարեփոխումները ենթադրում են Վրաստանում և Հայաստանում երեք ազգային ու տարածաշրջանային գերակայությունների համար կարողությունների զարգացում:

ՀՊՏՀ-ն մասնակցելու է ծրագրով նախատեսված բոլոր գործողություններին, որոնք կապված են տնտեսագիտության և զբոսաշրջության, որակի ապահովման, կառավարման և ծրագրին վերաբերող տեղեկությունների տարածման հետ:

Որպես տնտեսագիտական համալսարան՝ ՀՊՏՀ անձնակազմը մասնակցելու է տնտեսագիտության և զբոսաշրջության վերաբերյալ կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին և սեմինարներին: ՀՊՏՀ-ն պատասխանատու է լինելու զբոսաշրջության կառավարման կրթական ծրագրի բարելավման, ԳԻՏ-ին առնչվող ուսումնական նյութերի մշակման և ԳԻՏ լաբորատորիայի սարքավորումների ձեռքբերման համար:

Առաջիկա օրերին ծրագրի շահառուների հանդիպումները շարունակվելու են:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին