«Գիտելիքի աշխարհ». անգլախոս ուսանողներին խրախուսող նոր նախաձեռնություն

Դիտումների քանակ՝ 1978

Լեզուների ամբիոնը անգլերենի բարձր իմացություն ունեցող ուսանողներին համախմբող և խրախուսող հերթական միջոցառումն է նախաձեռնել, որը կրում է «Գիտելիքի աշխարհ» խորագիրը: Նախաձեռնության  մեկնարկն ազդարարվեց այսօր՝

«Առաջնորդությունն անցյալում, ներկայում, ապագայում» թեմայով քննարկմամբ, որին մասնակցում էին կառավարում մասնագիտության 2-րդ, ֆինանսներ մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողները: Հրավիրված էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Մերի Բադալյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Ինտերակտիվ դասը վարեցին լեզուների ամբիոնի դասախոսներ Անահիտ Շահինյանը և Քրիստինա Թորգոմյանը: Ի՞նչ է առաջնորդությունը, ո՞վ է նորարար առաջնորդը, ի՞ նչ է խարիզման. նմանատիպ մի շարք հարցադրումների պատասխաները հնչեցրին անգլախոս ուսանողները, այնուհետև մեկնաբանեցին թեմային առնչվող հետաքրքրաշարժ լուսանկարներ:

Դասի 2-րդ հատվածում զեկուցումներով հանդես եկան կառավարում մասնագիտությունից՝ Մերի Ստեփանյանը, Սիրանուշ Մխիթարյանը, Մելինե Դավթյանը, Լուսինե Գալստյանը, Մարի Ավագյանը, Գոհար Գրիգորյանը, Էլեն Ղազարյանը, Սոֆյա Կարապետյանը, Լյուբա Սարգսյանը, Մարիա Նիգոյանը, ֆինանսներից՝ Գոհար Գրիգորյանը, Մարիաննա Գևորգյանը:

Նրանք ընտրել էին իրենց առաջնորդ-հերոսին, վերլուծել կերպարները. Գարեգին Նժդեհ, Ինդիրա Գանդի, Ադոլֆ Հիտլեր, արքայադուստր Դիանա, Աբրահամ Լինքոլն… Զեկուցումներ հնչեցին նաև «Ի՞նչ հմտություններ են անհրաժեշտ կայանալու համար» և «Առաջնորդ ծնվո՞ւմ են, թե՞ դառնում»  թեմաներով, որից հետո լսարանում  քննարկում ծավալվեց, մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացրեց  և հիմնավորեց իր տեսակետը:

Մեզ հետ զրույցում Անահիտ Շահինյանն ասաց, որ դասի նպատակը ուսանողների բանավոր հաղորդակցային հմտություններն ու աշխարհընկալումը զարգացնելն էր, ինչպես նաև  ստեղծագործական միտքն ի ցույց դնելու հնարավորություն ընձեռելը:

«Այս դեպքում մենք՝ ամբիոնի երկու դասախոսներս, համագործակցել ենք, մեկտեղել մեր լավագույն ուսանողներին: Նախատեսում ենք նաև առաջավորներին խրախուսական մրցանակներ հանձնել»,-հավելեց դասախոսը:

«Գիտելիքի աշխարհ» միջոցառման մեկնարկը ողջունեցին թե' ուսանողները, թե' պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին