ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը ամանորյա ուղերձ է հղել
Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ, ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը ամանորյա ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.
Մեկ տարի էլ անցավ, մեկ տարով էլ մեծացավ մեր երկիր մոլորակը, մեկ տարով հարստացավ աշխարհի փորձն ու գիտելիքը, իմաստնությունը, սակայն իրադարձությունների հսկայածավալ հորձանուտում բարու, ստեղծարարի կողքին գործեց չարն ու կործանողը: 2015 թվականին աշխարհը ցնցվեց երկրագնդի տարբեր կետերում, այդ ցնցումներն ուղղակիորեն անդրադարձան նաև մեր ժողովրդի, մեր երկրի, հատկապես՝ Մերձավոր Արևելքում ապրող մեր հայրենակիցների վրա: Հետևաբար, հայացք ուղղելով գալիքին, առանձնակի կարևորում ենք խաղաղությունը՝ պետությունների ու ժողովուրդների հանդուրժողականությունը, մարդկային պարզ ջերմությունն ու կամեցողությունը, որոնց առկայության դեպքում համայն աշխարհը կարող է միասնական մեծ ընտանիքում ապրել առանց հակամարտությունների, ցնցումների, տագնապների:
Ամանորյա ուղերձս չեմ ցանկանում ծանրաբեռնել տխրությամբ ու մտահոգությամբ, որովհետև լավատեսության հողն ավելի պարարտ է, որովհետև հավատի ու լավատեսության վրա է կառուցվում բարու հաղթանակը, ստեղծագործ աշխատանքի բերկրանքը, նվաճումը:
Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ, մեր համատեղ աշխատանքը ստեղծագործական է, արդյունավետության հստակ չափիչներ ունի, և ուստի ամեն մի արդյունք լավատեսության աղբյուր է բոլորիս համար: Մեր մեծ ու համերաշխ կոլեկտիվում գիտելիքի ու փորձի փոխանցումը, սերունդների երկխոսությունը, մարդկային հաղորդակցումն ուղեկցվում են բարի ու ջերմ հարաբերություններով, փոխօգնությամբ: Եվ որքան արդյունավետ ենք աշխատում, որքան շատ ենք փոխանցում միմյանց սեր, հարգանք ու ջերմություն, այնքան ինքնավստահ ենք ու հաջողակ:
Աշխատանքում ցուցաբերած ձեր անմնացորդ նվիրումը, ուսման մեջ հաջողությունները, մեր համալսարանի հարգն ու պատիվը բարձր պահող ձեր ամեն մի ձեռքբերում բուհի ղեկավարության տեսադաշտում է և ոգևորում է բոլորիս: 2015 թվականն այս առումով բարեբեր էր մեր համալսարանի համար. բնականոն ընթացք ուներ ուսումնական, գիտական ու տնտեսական կյանքը, իրենց գիտահետազոտական, մարզական հաղթանակներով բազում երջանիկ պահեր պարգևեցին մեր ուսանողները:
Մենք զարգանում ենք ու առաջ ենք ընթանում, հաստատակամ ենք՝ ամրապնդել մեր ձեռքբերումներն ու հաղթանակները ու դրանց հենքի վրա կառուցել նորերը, ուստի 2016 թվականը, որպես մի նոր մեկնակետ, որը խարսխվում է անցյալի ձեռքբերումների վրա, սկսենք բարձր տրամադրությամբ ու ստեղծարար ոգով:
Մեր բազմադարյա հայրենիքի ապահովությունն ու կայուն առաջընթացը մեր ձեռքերումն են. միայն միասնականությամբ, պետականաշինությամբ և հարազատ երկրի հանդեպ պատասխանատվությամբ կարող ենք հաստատուն առաջ քայլել և կառուցել հարուստ, ուժեղ, անխորտակ ու անառիկ երկիր:
Թող Նոր տարին սկիզբ դառնա վերելքների, բերկրության, խաղաղության, ամեն հարկի տակ թող թևածեն սերը, ջերմությունը, լավատեսությունը:
Շնորհավոր 2016 թվական: