Արտահանման բազմազանեցման և աճի խթանները հետազոտողների առաջարկություններում
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակազմը, տնօրեն Սամվել Ավետիսյանի ղեկավարությամբ, այսօր համախմբվել էր հերթական սեմինարի՝ «ՀՀ արտահանման բազմազանեցման և աճի հնարավորությունները» հետազոտական թեմայի շրջանակներում, որի ղեկավարն է տ.գ.դ., պրոֆեսոր Զոյա Թադևոսյանը:
Քննարկվող հարցերն ամբողջացել էին «Արտահանող կազմակերպությունում անցկացված հարցումների արդյունքների ներկայացում, արտահանման խթանման և բազմազանեցման ռազմավարության մշակված հայեցակարգային դրույթների քննարկում» խորագրի ներքո: Առաջին բանախոսը՝ տ.գ.թ. Արսեն Պետրոսյանը, ներկայացրեց արտահանման խոչընդոտների բացահայտման ընտրանքային վերլուծության արդյունքները, որոնք ըստ հարցումների և համապատասխան ուսումնասիրության ներկայացնում էին արտահանման եղանակները, Հայաստանի գործարար միջավայրի գնահատականը՝ արտահանմանը նպաստելու համատեքստում, արտահանվող ապրանքների մրցունակությունը ըստ առանձին շուկաների, արտահանողների ներկայացվածությունը էլեկտրոնային հարթակում, արտաքին շուկաներ դուրս գալու դյուրինությունը, արտահանման ծավալների ու տեսականու ընդլայնմանը և վերջում՝ «Շահութահարկի մասին» օրենքի փոփոխությանը արտահանողների վերաբերմունքը: Թեման շարունակելով՝ Լարիսա Բաղդասարյանը ներկայացրեց լրացուցիչ հարցաթերթիկի արդյունքները՝ արտահանման խոչընդոտների միջինացված գնահատականները, որոնք համախմբվել են հետազոտության 10 կարևոր հետևություններում:
Պրոֆեսոր Զոյա Թադևոսյանը հանդես եկավ եզրափակման խոսքով՝ ներկայացնելով առաջարկությունները, որոնք պետք է հիմք ծառայեն համակարգված արտաքին առևտրային քաղաքականության և արդյունքում արտահանողների շահերի բավարարման:
Ելույթներից հետո ծավալվեց աշխույժ քննարկում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին