ՀՊՏՀ ներկայացուցիչները եվրոպական գործընկեր համալսարաններում մասնակցել են սեմինարների և աշխատանքային հանդիպումների
«Զալցբուրգի սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում» խորագիրը կրող ԵՄ Տեմպուսի Վերիտաս ծրագրի շրջանակներում մեր համալսարանի ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր պարոն Պարույր Քալանթարյանը և ՀՊՏՀ-ում վերոնշյալ ծրագրի համակարգող, դոցենտ Կարեն Գրիգորյանը սույն թվականի նոյեմբերի 14-29-ը մասնակցել են եվրոպական գործընկեր համալսարանների (Սթոքհոլմի Տեխնոլոգիայի արքայական ինստիտուտ, Մեծ Բրիտանիայի Բաթ Սպայի, Իսպանիայի Ժիրոնայի և Գերմանիայի Հեյդելբերգի համալսարաններ) ներկայացուցիչների հետ սեմինարների ու աշխատանքային հանդիպումների:
Սթոքհոլմի Տեխնոլոգիայի արքայական ինստիտուտում ներկայացվել և քննարկվել են հետազոտական բնույթի կրթության և որակի համակարգերը, հետազոտական դպրոցները և հետազոտական կրթական ծրագրերը, ինստիտուտում ասպիրանտների (PhD students) ղեկավարումը, հետազոտություններն ու նորամուծությունները, ասպիրանտների տեսանկյունից ասպիրանտական (դոկտորական) կրթական ծրագրերը, ասպիրանտների համար նախատեսված դասընթացները, հետազոտական կրթության կազմակերպումը համալսարանական մակարդակում:
Բաթ Սպայի համալսարանում ներկայացվել և քննարկվել են հետազոտությունների և ձեռնարկությունների միջև կապերը, ասպիրանտների գնահատման և քննությունների կարգը, ասպիրանտների կարիերայի, ճանապարհային քարտեզի զարգացման հարցերը, ասպիրանտների ղեկավարման համակարգը, Մեծ Բրիտանիայի բարձրագույն կրթության որակի ապահովման, համալսարանի հետազոտական գործունեությունը, գիտելիքների փոխանցումը և հետազոտողների զարգացումը, համալսարանի հետազոտական ռազմավարությունը, հետազոտական միջավայրը, ասպիրանտների ընդունելության, առաջընթացի մշտադիտակման և քննությունների կազմակերպումը, հետազոտական ենթակառուցվածքները և գրադարանային ռեսուրսները, տեղի է ունեցել նաև մասնակցություն համալսարանի կրթության հետազոտությունների ինստիտուտի սեմինարին:
Ժիրոնայի համալսարանում ներկայացվել և քննարկվել են գիտելիքների փոխանցումը համալսարանում, որակի չափորոշիչները, համալսարանի դոկտորական դպրոցը, գրադարանային ռեսուրսները: Իսկ Հեյդելբերգի համալսարանում ներկայացվել և քննարկվել են հետազոտական գործունեությունը, մասնավորապես` մոլեկուլյար և բջջային կենսաբանության միջազգային դպրոցի, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի դպրոցի, Ասիա և Եվրոպա հետազոտական կլաստերի գործունեությունը:
Բոլոր համալսարաններում եվրոպական գործընկերների հետ քննարկվել են ծրագրի անդամ ՀՀ բուհերի ճանապարհային քարտեզները, ինրպես նաև ծրագրի իրականացման աշխատանքային փաթեթներով նախատեսված գործողությունները:
«Վերիտաս» ծրագրին մասնակցում են հայաստանյան բազմաթիվ բուհեր և կազմակերպություններ, մասնավորապես՝ Երևանի պետական բժշկական համալսարանը (ծրագրի համակարգող), ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Երևանի պետական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան, Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանը, Գավառի պետական համալսարանը, Վանաձորի պետական մանկավարժական համալսարանը, Հյուսիսային համալսարանը, ինչպես նաև «Կրթության որակ» ՍՊԸ-ն, ՀՀ ԿԳ նախարարությունը, ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը:
Ուսումնասիրության նպատակ ունեցող այս սեմինարների ընթացքում կուտակված փորձը օգտակար է բուհում բարձրագույն կրթության երրորդ մակարդակում բարեփոխումների շրջանակը ձևավորելու և զարգացնելու, ինչպես նաև գործընկեր համալսարանների միջև հետադարձ կապ պահպանելու գործում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին