Ռումինացի դոցենտ Անժելա Ալբուն ՀՊՏՀ-ում հանդես եկավ դասախոսությամբ
Մեր համալսարանի բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտության ուսանողների համար այսօր «Էկո-ինովացիա. նոր բիզնեսի հեռանկար» խորագրով դասախոսությամբ հանդես եկավ ՀՊՏՀ Erasmus+ ծրագրի գործընկեր Ռումինիայի “Stefan cel Mare” University of Suceava համալսարանի դոցենտ Անժելա Ալբուն:
Հանդիպմանը ներկա էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը, բնօգտագործման տնտեսագիտություն ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Գևորգյանը, նշված ամբիոնի դասախոսներ, արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը:
Անժելա Ալբուն, ողջունելով ներկաներին, նշեց, որ ուրախ է մեր համալսարանում գտնվելու համար, ապա համառոտ ներկայացրեց իրենց համալսարանի ֆակուլտետները, կրթական ծրագրերը, և սկսեց դասախոսությունը:
Պարզաբանելով, թե ինչ է ինովացիան, ռումինացի դոցենտը նշեց, որ համոզված է՝ եթե ուսանողներին հղի այս հարցը, շատերը կպատասխանեն, որ ինովացիան նոր գաղափար է, որը կյանքի է կոչվել: Անժելա Ալբուն կանգ առավ բիզնես ոլորտում ինովացիաների ազդեցության վրա՝ նշելով, որ դրանք արդյունավետ զարգացում ապահովող հիմնական գործոններից են:
Ժամանակակից պայմաններում գլոբալ հիմնախնդիրները առաջ են բերում խոչընդոտներ, որոնց լուծման համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ: Այս համատեքստում բանախոսը մասնավորապես նշեց, որ եթե բնական ռեսուրսների օգտագործումը մարդու կողմից չարաշահվի և արվի ոչ խելամտորեն, ապա հաջորդ սերունդներին ժառանգելու գրեթե ոչինչ չի մնա, բացի հիմնախնդիրներից: Ուստի, այստեղ օգնության է գալիս էկո-ինովացիան, որն այլընտրանքային եղանակ է:
Ներկայացվեց էկո-ինովացիաների ներդրման և կիրառման միջազգային փորձը: Բանախոսը հատուկ անդրադարձ կատարեց էկո-ինովացիաների ոլորտում լավագույն օրինակներին, նշեց դրանց ընձեռած հնարավորություններն ու առավելությունները:
Բիզնես ոլորտում էկո-նորարարությունը դիտարկվեց ոչ միայն օգտակար, այլև շահավետ:
Դասախոսության ավարտին Անժելա Ալբուն պատասխանեց ներկաների հարցերին: Հարցադրումներով հանդես եկան թե' ուսանողները, թե' դասախոսները: Պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը հետաքրքրվեց, թե ինչ միջազգային ծրագրեր կան, որոնք աջակցում են փոքր և թույլ զարգացած երկրներին էկո-ինովացիաներ ներդնելու համար:
Ուսանողներից մեկին հետաքրքրեց, օրինակ, թե ինչ էկո-ինովացիա է ներդրված ռումինական այն համալսարանում, որը ներկայացնում էր բանախոսը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին