Համագործակցության ճանապարհին. Հանդիպում ՀՊՏՀ ռեկտորի հետ
ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանն այսօր հյուրընկալեց ՀՊՏՀ Erasmus+ ծրագրի գործընկեր Ռումինիայի “Stefan cel Mare” University of Suceava համալսարանի դոցենտ Անժելա Ալբուին: Հանդիպմանը ներկա էին համալսարանի գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը և արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը:
Ուրախություն հայտնելով գործընկեր համալսարանի ներկայացուցչին հյուրընկալելու առիթով՝ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհակալություն հայտնեց փոխգործակցության համար, որը հնարավորություն է տվել ՀՊՏՀ 4 ուսանողների և 2 դասախոսների փոխանակման ծրագրով լինելու Ռումինիայի “Stefan cel Mare” University of Suceava համալսարանում: ՀՊՏՀ ռեկտորը շեշտեց, որ ինքը շատ է կարևորում եվրոպական համալսարանների հետ համագործակցությունը և այն համոզմանն է, որ փոխշփումները կնպաստեն երկուստեք զարգացմանը:
«Մենք փորձում ենք վերջին տարիներին մեր համագործակցությունը տարբեր ձևաչափերով խորացնել տարբեր բուհերի հետ: Ինչ վերաբերում է մեր բուհին, վերջին տարիներին մենք բարեփոխումներ ենք իրականացնում տարբեր ուղղություններով՝ և՛ կրթության որակի բարելավման, և՛ հետազոտական ուղղության զարգացման, և՛ արտաքին կապերի ակտիվացման, և՛ բուհի արդիականացման, և՛ մյուս բոլոր ուղղություններով»,- նշեց Կորյուն Աթոյանը՝ հավելելով, որ այս տարվանից բուհում սկսվել է նաև մասնագիտությունների համապատասխանեցումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգիչներին: Բուհի ղեկավարն ընդգծեց նաև, որ մեր համալսարանը պատրաստ է իր ներդրումն ունենալ համագործակցության խորացման գործում:
Ռումինիայի “Stefan cel Mare” University of Suceava համալսարանի դոցենտ Անժելա Ալբուն նախ շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ապա անդրադարձավ իրենց համալսարանի զարգացման առաջնահերթություններին, խոսեց իրենց համալսարանի կապերի մասին աշխարհի տարբեր համալսարանների հետ, անդրադարձավ ՀՊՏՀ-ի հետ համագործակցությանը՝ նշելով, որ այն օգտակար կլինի: Դոցենտ Անժելա Ալբուն նաև հույս հայտնեց, որ ՀՊՏՀ-ի հետ փոխանակման ծրագրերով սկսված համագործակցությունը կխորանա և հնարավոր կլինի իրականացնել նաև համատեղ հետազոտություններ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին