ՀՊՏՀ-ում 1-ին անգամ անցկացվեց հրաձգության առաջնություն. հայտնի են մրցանակակիրները

Դիտումների քանակ՝ 1112

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նորաստեղծ հրաձգարանում այսօր անցկացվեց հրաձգության անդրանիկ առաջնությունը: Երեկ մեկնարկած «Ուսանողական աշուն-2015» մարզամշակութային փառատոնի շրջանակներում ուժերը փորձեցին մեր բուհի վեց ֆակուլտետների, ինչպես նաև Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողական  թիմերը:

Առաջնության հաղթողը ինֆորմատիկայի և վիճակագրության  ֆակուլտետն է, երկրորդ և երրորդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցրել են հաշվապահական հաշվառման և աուդիտի,  մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետները: 1-3 տեղերը զբաղեցրածներն  արժանացել են մեդալների և պատվոգրերի, հաղթող ֆակուլտետը՝ նաև գավաթի:

ՀՊՏՀ հրաձգության բաժանմունքի պատասխանատու, ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս Հակոբ Կյոկչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հրաձգության նկատմամբ հետաքրքրությունը մեծ է հատկապես ուսանողուհիների շրջանում:

«Ուրախալի է փաստել, որ հրաձգության առաջնությունն արդեն անցկացվում է սեփական հրաձգարանում: Գործող բաժանմունքի միջոցով զարգացնում ենք մեր ուսանողների հմտությունները. շուրջ 4 տասնյակ ուսանող հրաձգության բաժանմունքի անդամ է»,-ասաց Հակոբ Կյոկչյանը:

Նշենք, որ այսօր կայացան նաև վոլեյբոլի առաջնության խաղերը, որոնք կշարունակվեն մինչև նոյեմբերի 24-ը:

Շնորհավորում ենք մեր հրաձիգներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին