Հայտնի են մարզական առաջնությունների հաղթողները
Երեկ մեկնարկած «Ուսանողական աշուն-2015» մարզամշակութային փառատոնի շրջանակներում անցկացված երկու՝ շախմատի և բազկամարտի առաջնությունների հաղթողները հայտնի են:
Շախմատում մրցանակային տեղերը բաշխվել են այսպես. առաջին հորիզոնականը նվաճել է ֆինանսական ֆակուլտետի թիմը, երկրորդ տեղում է ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետը, երրորդում՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետը:
Բազկամարտում առաջին տեղը զբաղեցրել է ֆինանսական ֆակուլտետը ներկայացնող Կարեն Սերոբյանը, երկրորդ տեղը՝ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի ուսանող Ռաֆայել Մանուկյանը, երրորդ տեղը՝ կառավարման ֆակուլտետի ուսանող Նարեկ Մադաթյանը:
Հաղթողները պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով, առաջին տեղը նվաճած ֆակուլտետներին հանձնվել են նաև գավաթներ:
Իսկ վոլեյբոլի առաջնությունը կշարունակվի մինչև նոյեմբերի 24-ը: Երեկ կայացել է 6 խաղ:
Նշենք, որ մարզամշակութային փառատոնի շրջանակներում անցկացվող մարզական խաղերը կայանում են ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դասախոսների գործուն աջակցությամբ և մրցավարությամբ:
Շնորհավորում ենք հաղթողներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին