Փորձառություն և աշխատանք է առաջարկում «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը

Դիտումների քանակ՝ 1426

Այսօր մեր բուհում էին «Ինգո Արմենիա»  ապահովագրական ընկերության ներկայացուցիչներ Ռուբեն Հակոբյանը և Սերգեյ Շահինյանը, ովքեր ուսանողների հետ հանդիպման ընթացքում հանդես եկան աշխատանքային առաջարկով, ներկայացրին ընկերությունում առկա աշխատատեղերը: Հանդիպմանը ներկա էր ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնի ղեկավար Աննա Ասլանյանը:

Ռուբեն Հակոբյանը ողջույնի խոսքում նշեց, որ «Ինգո Արմենիա»-ն և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը համագործակցության հուշագրի շրջանակներում արդյունավետորեն փոխգործակցում են, և այս առաջարկը ևս դրա շրջանակներում է: Նա նախ ամփոփ ներկայացրեց իրենց ընկերության առաքելությունը, գործունեությունը, պարզաբանեց ապահովագրություն հասկացությունը, մասնավորապես անդրադարձավ ավտոմեքենաների ապահովագրությանը, նշեց վնասի փոխհատուցման եղանակները և այլն:

Սերգեյ Շահինյանը ուսանողներին ներկայացրեց աշխատանքային, ինչպես նաև փորձառություն անցնելու  առաջարկ՝ պարզաբանելով   ապահովագրական գործակալի գործառույթները, հիմնական պարտականությունները, աշխատանքային պայմանները: Նա նշեց, որ իրենց ընկերությունը հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին մասնագիտական աճ արձանագրելու:

Բանախոսները պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող հարցերին:

Նշենք, որ հանդիպմանը մասնակցում էին հիմնականում ֆինանսական ֆակուլտետի ուսանողները:

Հետադարձ կապի ապահովման նպատակով՝ ուսանողները լրացրեցին թերթիկներ՝ անձնական տվյալները փոխանցելով գործատուին:

Հավելենք՝ սույն  ընկերության ներկայացուցիչների հետ մեր բուհում կայացել է նմանօրինակ ևս մեկ հանդիպում:

Մեզ հետ զրույցում Աննա Ասլանյանը նշեց, որ առաջիկայում կամփոփվեն արդյունքները, որով պարզ կդառնա, թե քանի ուսանող է «Ինգո Արմենիա» ընկերությունում աշխատանքի անցել, և ըստ անհրաժեշտության կրկին  կկազմակերպվեն նման հանդիպումներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին