Լույս է տեսել «Տնտեսագետի» նոր համարը

Դիտումների քանակ՝ 1321

«Տնտեսագետի» սեպտեմբեր-հոկտեմբերյան համարը լույս է ընծայվել: Նոր ամսագիրն առաջին իսկ էջերից շնչում է տոնականությամբ՝ Գիտելիքի տոնի սեպտեմբերմեկյան տրամադրությունից ձգվելով մինչև Անկախության տոն:

Թե՛ առաջինը, և թե՛ երկրորդը համալսարանը նշեց շուքով և գեղեցիկ ու օգտակար նախաձեռնություններով: Անկախության տոնին ընդառաջ` մեր համալսարանում ՀՀ պաշտպանության նախարարի այցելությունը լուսաբանված է ընդարձակ նյութով, որում երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության կարևորության շեշտադրումն է:

Ինչպես տեղեկացնում է ամսագիրը՝ այս ամառ կրկին իր դռներն է բացել «Տնտեսագետ» մարզաառողջարանը՝ ոչ միայն որպես հանգստի ու համախմբման, այլև ուսանողական փառատոնի անցկացման վայր, որի ավարտը նշանավորվել է ՀՀ ԿԳ նախարարի, ռեկտոր Կորյուն Աթոյանի և բարձաստիճան այլ հյուրերի այցելությամբ:

«Տնտեսական խճանկարը» ինչպես միշտ հարուստ է հետաքրքրական նորություններով:

Շարունակ «Տնտեսագետի» տեսադաշտում են համալսարանի գիտահետազոտական ձեռքբերումները. այս անգամ «Ամբերդ» հետազոտական կենտրոնն է՝ տնտեսական առաջնայնություն ներկայացնող թեմաների կատարման գործընթացի լուսաբանմամբ:

«Քննարկում» խորագրի ներքո ներկայացված են տնտեսության ներառական աճի հիմնախնդիրները: «Մեր շնորհալիները» խորագիրը ձեզ խոստանում է հաճելի բացահայտում, «Համաշխարհային բրենդը»՝ 2015-ի բրենդ-շքերթը:

«Լրահոսը» կրկին համալսարանական իրադարձությունների հակիրճ ամփոփում է:

Ամսագրում անդրադարձ կա հայտնի մշակութաբան Էդուարդ Մարգարյանի գիտական վաստակին: «Ամենակարևորի մասին» խորագիրը աթերոսկլերոզի մասին է, մասնավորապես՝ խոլեստերինային տեսության: Պատմական ակնարկով Ներկայացված է 1918-1920 թթ. Հայաստանի Հանրապետության խորհրդարանական կառավարման փորձը:

ՀՊՏՀ ուսանողների մարզական հաջողությունները ևս մեր տեսադաշտում են: Հրապարակում է տեղ գտել նաև 2015 թվականի տնտեսագիտության բնագավառի Նոբելյան մրցանակակրի վերաբերյալ, իսկ «Վերծանելով արվեստի գաղտնագրերը» խորագիրը ներկայացնում է Ռաֆայելի որմնանկարները և հատկապես կանգ առնում «Աթենական դպրոցի» վրա:

Մաղթում ենք հաճելի ընթերցում և, իհարկե, ակնկալում ենք արձագանքներ:

Ամսագիրը կարող եք ձեռք բերել այսօրվանից. ուսանողները՝ դիմելով դեկանատներ, դասախոսները` ամբիոններ: Այս պահին արդեն ամսագիրը տարածվել է ֆակուլտետներով, ամբիոններով, վարչական ստորաբաժանումներով։ Կարող եք օգտվել նաև ընթերցասրահների օրինակներից:

Ամսագրի էլեկտրոնային տարբերակին ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am) ծանոթացեք հետևյալ հղումով

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին