Հիմնախնդիրների վերհանում, վերլուծություն, առաջարկություններ, քննարկում-բանավեճեր՝ գիտաժողովի բաժանմունքներում

Դիտումների քանակ՝ 1227

Նոյեմբերի 11-ին ՀՊՏՀ-ում մեկնարկած «Գիտելիք, նորաստեղծություն և զարգացում» միջազգային գիտաժողովի շրջանակներում այսօր աշխատանքները շարունակվեցին բոլոր 5 բաժանմունքներում՝ «Կրթություն, գիտություն և նորաստեղծություն», «Ֆինանսներ և հարկային քաղաքականություն»,«Տարածաշրջանային տնտեսագիտություն», «Զարգացման փիլիսոփայական և մշակութային հիմնախնդիրներ», «Զարգացման ընդհանուր հիմնախնդիրներ»:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շրջայց է կատարել բոլոր բաժանմունքներով, լսել զեկուցումներ, զրուցել բաժանմունքները  համակարգողների հետ:

Զեկուցումներից հետո հնչում էին հարցադրումներ, դիտարկումներ, ծավալվում էր բանավեճ-քննարկում: Զեկուցումներն ունկնդրում էին պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, ուսանողներ:

«Ֆինանսներ և հարկային քաղաքականություն» բաժանմունքն այսօր աշխատանքն սկսել է առավոտյան ժամը 10-ից: Բաժանմունքի համակարգողն է ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի ղեկավար, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Սալնազարյանը: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ  արդեն հնչել են 16 զեկուցումներ, ելույթ են ունեցել պրոֆեսորներ, դոկտորներ, ասպիրանտներ և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս: Բաժանմունքի աշխատանքը Աշոտ Սալնազարյանը գնահատեց հագեցած և բովանդակալից:

«Պետք է նշեմ, որ հնչել են ուշագրավ զեկուցումներ, հատկապես հետաքրքիր էին տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մաթևոսյանի, տ.գ.դ., դոցենտ Լիանա Գրիգորյանի, տ.գ.թ., դոցենտներ Կարեն Հակոբյանի, Վահրամ Նաչալջյանի ելույթները: Ներկայացված առաջարկություններից շատերը մեր կառավարության խնդիրների շրջանակում են: Զեկուցումներից հետո ծավալված քննարկումներն ապահովեցին բանավիճային մթնոլորտը»,-ասաց բաժանմունքի ղեկավարը:

«Զարգացման փիլիսոփայական և մշակութային հիմնախնդիրներ» բաժանմունքի համակարգող, ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչ, փ.գ.դ., պրոֆեսոր Արամ Սարգսյանը մեզ տեղեկացրեց, որ ներկայացվել են  արժեքավոր աշխատանքներ: Երեկ և այսօր հնչել են 12 զեկուցումներ:

«Գնահատման ցուցանիշների մեթոդիկայի առաջարկման տեսանկյունից հետաքրքիր էր մեր բուհի լեզուների ամբիոնի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Սուսաննա Չալաբյանի «Օտար լեզվի իմացության մակարդակի գնահատման ցուցանիշները ՀՊՏՀ-ում» զեկուցումը: Ուշագրավ էին  դոցենտներ Ռիմա Ասլանյանի, Զուխրա Երվանդյանի ելույթները: Փիլիսոփայական ուղղությամբ կատարված աշխատանքները  կարևոր էին մտահոգությունների արտահայտման տեսանկյունից. մասնավորապես, ժամանակակից քաղաքակրթությունը փոքր ազգերին, այդ թվում և հայերին,   պարտադրում է գլոբալացման միտումներ, ինչը ազգային ինքնության պահպանման ճանապարհին լուրջ խոչընդոտ է: Ինչ անել այս ուղղությամբ. այս  և նմանատիպ հարցեր  են առաջ քաշվում  ներկայացվող զեկուցումներում, ինչպես նաև առաջարկվում են լուծումներ»,-ասաց Արամ Սարգսյանը և շեշտեց, որ ծավալուն քննարկումները, հարցադրումները նույնպես արդյունավետ էին:

«Զարգացման ընդհանուր հիմնահարցեր» բաժանմունքի աշխատանքերը  համակարգում է մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Թաթուլ Մկրտչյանը, ով մեզ փոխանցեց, որ բաժանմունքի զեկուցումների թեմատիկան բավականին ընդգրկուն է, ինչը բխում է ընդհանուր ուղղությունից:

«Լավ զեկուցումներ հնչեցին, ինչպես օրինակ, ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Սուրեն Պարսյանի «Ներդրումները գազամատակարարման համակարգում և դրանց արդյունավետության վերլուծությունը ՀՀ-ում» թեմայով  աշխատանքը: Զեկուցումների հիմնական մասում ներկայացվում էր համապատասխան ոլորտում առկա հիմնախնդիրներին ուղղված լուծումներ: Հարկ է նշել, որ  ունկնդիր-ուսանողները ակտիվ հարցադրումներ էին ուղղում զեկուցողներին, ինչը վկայում է, որ ելույթները հետաքրքիր էին»,-ասաց Թաթուլ Մկրտչյանը:

«Կրթություն, գիտություն և նորաստեղծություն» բաժանմունքի համակարգողն է մեր բուհի կառավարման ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տ.գ.դ., պրոֆեսոր Յուրի Սուվարյանը: Մեր այցելության պահին զեկուցում էր  ԵՊՀ տնտեսագիտության  տեսության ամբիոնի վարիչ, տ.գ.դ. Միքայել Միքայելյանը, ով անդրադարձավ   տնտեսավարող սուբյեկտների համակենտրոնացման հարցին՝ խոսելով համապատասխան ոլորտը կարգավորող  օրենքների մասին, ներկայացնելով օրենքի դրույթներ, տնտեսական համակենտրոնացումների ցուցանիշներ, համակենտրոնացման կարգավորման հիմնախնդիրներ և այլն: Բաժանմունքի զեկուցումներն ունկնդրում էին տարբեր ֆակուլտետներից մեծաթիվ ուսանողներ:

«Տարածաշրջանային տնտեսագիտություն» բաժանմունքը համակարգում է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն,   տ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը: Մեր այցելության պահին զեկուցմամբ հանդես էր գալիս ՄՏՀ ամբիոնի դոցենտ, տ.գ.դ. Դիանա Գալոյանը: «Արտահանման խթանման ռազմավարության արդյունավետության քանակական և որակական գնահատականը» զեկուցման մեջ (համահեղինակ՝ տ.գ.դ., պրոֆեսոր Զոյա Թադևոսյան) պաշտոնական վիճակագրական տվյալների վերլուծության միջոցով գնահատվում էր քաղաքականության թիրախային ոլորտների արտահանման խթանման արդյունավետությունը: Մեկ այլ բանախոս,  ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Հարություն Թերզյանը հանդես եկավ «ՀՀ տարադրամի դինամիկայի հետազոտումը էկոնոմետրիկ մոդելների միջոցով» զեկուցմամբ: Ներկայացվեց իրական արտահանման ծավալները, դրա վրա ազդող գործոնները և այլն:

Նշենք, որ բոլոր բաժանմունքներում վաղը կշարունակվեն աշխատանքները, որից հետո համակարգողները  զեկուցումներ կներկայացնեն՝ ամփոփելով իրենց եռօրյա աշխատանքները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին