ՀՊՏՀ աշխատակիցը վերապատրաստվել է Սլովակիայում

Դիտումների քանակ՝ 1389

Համալսարանի արտաքին կապերի բաժնի առաջատար մասնագետ Տաթևիկ Հովհաննիսյանը «Էրազմուս+» ծրագրով օրերս վերապատրաստվել է Բրատիսլավայի տնտեսագիտության և հանրային կառավարման համալսարանում (Սլովակիա): Վարչական աշխատակիցների վերապատրաստման ծրագրի շրջանակում նա հանդիպումներ է ունեցել հյուրընկալող համալսարանի միջազգային կապերի համակարգողի, տարբեր ֆակուլտետների ներկայացուցիչների և գրադարանի աշխատակիցների հետ, ծանոթացել է համալսարանի միջազգայնացման քաղաքականությանը, ուսանողների և աշխատակիցների շարժունության ծրագրերի կազմակերպման ու վերահսկման գործընթացին: Միջազային կապերի համակարգող Մարիան Կովաչի հետ քննարկվել են ՀՊՏՀ-ի  և Բրատիսլավայի տնտեսագիտության և հանրային կառավարման համալսարանների համագործակցության ընդլայնման հնարավորությունները, իսկ ֆակուլտետային հանդիպումների արդյունքում համատեղ հետազոտություններ կատարելու պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Այս մասին տեղեկացնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից:

Տաթևիկ Հովհաննիսյանը հաղորդակցվել է համալսարանի կրթական փորձին, ծանոթացել դասավանդման մեթոդներին, օտարերկրացի ուսանողների համար իրականացվող աշխատանքների առանձնահատկություններին: Նա տպավորված է հատկապես այդ համալսարանում գործող ուսանողների բիզնես գաղափարների գեներացման կենտրոնով: Այս start-up կենտրոնը ուսանողներին հնարավորություն է տալիս թիմային աշխատանքի միջոցով մշակել և կյանքի կոչել զանազան բիզնես գաղափարներ, որոնց իրականացման ընթացքում տեխնիկական և տեղեկատվական աջակցություն են ցուցաբերում  դասախոսները և փորձառու մասնագետները: Այդուհանդերձ, հիմնական աշխատանքը ուսանողներն  իրականացնում են ինքնուրույն:

Տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների  հետ հանդիպումների ընթացքում Տաթևիկը ներկայացրել է ՀՊՏՀ գործունեությունը և ինչպես նշում է՝ մեր գործընկերները հետաքրքրված են Հայաստանի տնտեսագիտական մայր բուհով և նախատեսում են ապրիլին այցելել Երևան:

Նշենք նաև, որ ներկայում «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում նշված բուհում սովորում են ՀՊՏՀ բակլավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ, ովքեր մեծ գոհունակություն են հայտնել փոխանակման ծրագրի ընթացքի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ-ում ուսանողների և աշխատակիցների փոխանակման ծրագրերը համակարգում է արտաքին կապերի բաժինը:

Լուսանկարները՝  արտաքին կապերի բաժնից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին