Գիտական խորհրդի նիստում. ՀՊՏՀ համալրումից մինչև նոր օրինագծեր

Դիտումների քանակ՝ 1417

ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստը, ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ, այսօր իր աշխատանքներն սկսեց 2015-2016 ուսումնական տարվա ընդունելության արդյունքների հրապարակմամբ: Այս մասին զեկույցով հանդես եկավ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը՝ ներկայացնելով ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի աշխատանքը մայիսից հոկտեմբեր ժամանակահատվածում և բուհի համալրման պատկերը, ըստ որի  առկա ուսուցման բակալավրիատ է ընդունվել 1019, հեռակա բակալավրիատ՝ 276, առկա մագիստրատուրա՝ անվճար՝ 138, վճարովի՝203 և հեռակա մագիստրատուրա՝ 247 դիմորդ, ընդհանուր թվով՝ 1883 դիմորդ: Գիտական խորհուրդը որոշեց 2015-2016 ուսումնական տարվա ընդունող հանձնաժողովի աշխատանքը գնահատել բավարար:

Համաձայն օրակարգի երկրորդ կետի՝ պրոռեկտորը ներկայացրեց համալսարանում կրթական ծրագրերի մշակման ընթացքը՝ նախնական արդյունքները՝ նշելով, որ այս գործընթացը ոչ միայն մասնագիտական նոր ծրագրերի մշակման պահանջն է, այլև ՀՊՏՀ գործունեության բարելավման գործողությունների պլանով է նախատեսված: Ըստ այդմ՝ ներկայացվեց թողարկող ամբիոններում մինչ օրս կատարված աշխատանքը՝ հատկանշելով, որ առկա է պատրաստության տարբեր աստիճանի 11 ծրագիր, որոնց մի մասը գրեթե ավարտուն է, մի մասը կարիք ունի լրամշակման կամ վերափոխման:

Հարցի շուրջ ծավալվեց քննարկում:

Դոցենտի գիտական կոչումներ շնորհելու մասին զեկուցեց մրցութային հանձնաժողովի նախագահ Սուրեն Գևորգյանը՝ ներկայացնելով թեկնածուների մասնագիտական և գիտական գործունեությունը: Գիտական խորհուրդը փակ, գաղտնի քվեարկությամբ և ձայների բացարձակ մեծամասնությամբ որոշեց դիմել ԲՈՀ՝ կառավարման ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Աննա Մինասյանին, մարքեթինգի ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Դավիթ Թավադյանին դոցենտի գիտական կոչում շնորհելու հայցով:

Ռեկտոր Կորյուն Աթոյանը քննարկման և հաստատման ներկայացրեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նորաստեղծ ընտանիքների աջակցման և երիտասարդ ծնողների խրախուսման կարգը: Գիտական խորհուրդը միաձայն հաստատեց այն: Ռեկտորը նշեց, որ կարգը ուժի մեջ կմտնի հաստատման պահից:

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողական նպաստի, պետական և անվանական կրթաթոշակների հատկացման կանոնակարգը» հաստատելու և գիտական խորհրդի 2014 թվականի մարտի 26-ի նիստում  հաստատված «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողական նպաստի, պետական և անվանական կրթաթոշակների հատկացման կանոնակարգը» ուժը կորցրած ճանաչելու մասին զեկուցեց ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը՝ նշելով,
որ կատարվել են օրենսդրական փոփոխություններ, և ՀՊՏՀ մանդատային հանձնաժողովի կողմից մշակվել է ներկայացվող նոր կանոնակարգը: Վերջինս հաստատվեց գիտխորհրդի քվեարկությամբ:

Ընթացիկ հարցերի մասին զեկուցեց գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը: Հաստատվեցին ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ: Գիտական խորհուրդը հրատարակության երաշխավորեց փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչ, փ.գ.դ., պրոֆեսոր Արամ Սարգսյանի «Փիլիսոփայության դասընթաց» ուսումնական ձեռնարկի երրորդ բարեփոխված և լրամշակված տարբերակը:

Գիտխորհրդի ավարտին ռեկտոր Կորյուն Աթոյանը անդադարձավ վաղը՝ նոյեմբերի 11-ին մեկնարկող «Գիտելիք, նորաստեղծություն և զարգացում» խորագրով ՀՊՏՀ 25-րդ գիտաժողովին՝ կոչ անելով թե՛ բացման ու լիագումար նիստերին, թե՛ բաժանմունքների աշխատանքներին մասնակցել ակտիվորեն ու կարգապահ կերպով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին