ՀՊՏՀ ուսանողները՝ ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովի մասնակից
Նոյեմբերի 6-9-ը, ՄԱԿ-ի հիմնադրման 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, անց է կացվել ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովը, որը կազմակերպել էր ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը:
Նոյեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովում կայացել է խորհրդաժողովի բացման հանդիսավոր արարողությունը: Պատվիրակ-ուսանողներին ողջունել են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն: Վերջինս փոխանցել է ՄԱԿ-ի գխավոր քարտուղար Բան Կի Մունի ուղերձը: Այս մասին տեղեկացնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից:
ՀՊՏՀ-ից խորհրդաժողովին մասնակցել են ուսանողներ Անդրանիկ Մանուկյանը, Տաթև Գևորգյանը, Տաթև Թորաբյանը, Տաթևիկ Հարությունյանը, Տաթևիկ Հովհաննիսյանը և Տիգրան Մարգարյանը: Մոդել խորդաժողովին ընդառաջ՝ մոտ մեկ ամսվա ընթացքում մասնակիցները ծանոթացել են ՄԱԿ-ի ընթացակարգերին, ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին, ինչպես նաև ճարտասանության և բանակցություններ վարելու հմտություններին: Յուրաքանչյուր երկիր ներկայացնող պատվիրակություն այցելել է Երևանում գտնվող տվյալ երկրի դեսպանություն, աջակցություն ստացել պատվիրակության կողմից՝ ներկայացվող տեսակետի վերաբերյալ։
Խորհրդաժողովի հանդիսավոր փակումը տեղի է ունեցել երեկ՝ նոյեմբերի 9-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում: Փակման արարողության առաջին մասում ընտրվել է յուրաքանչյուր կոմիտեի լավագույն պատվիրակը, մասնակիցներին հանձնվել են վկայականներ և նվերներ: Իսկ երկրորդ՝ մշակութային մասում, յուրաքանչյուր երկիր ներկայացնող պատվիրակություն, ՀՀ-ում տվյալ երկրի դեսպանատան աջակցությամբ, կազմակերպել է ազգային ուտեստների համտեսում, ազգային մշակույթի ներկայացում:
Լուսանկարները՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքից և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ֆեյսբուքյան էջից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին