Շնորհավորում է ՀՊՏՀ ռեկտորը

Դիտումների քանակ՝ 1133

Նոյեմբերին երիտասարդությանը նվիրված երկու տոն է նշվում. առաջինը՝ Երիտասարդության համաշխարհային օրն է (նոյեմբերի 10), երկրորդը՝ Ուսանողության միջազգային օրը (նոյեմբերի 17): Տոների հիմքում խաղաղության, ժողովրդավարության, ազգային անկախության, երիտասարդների և ուսանողների քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավունքների պահպանման գաղափարն է:

Այսօր ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, Երիտասարդության համաշխարհային օրվա առիթով և Ուսանողության միջազգային օրվան ընդառաջ հղում է շնորհավորական ուղերձ:

«Սիրելի ուսանողներ, արդեն  մի քանի տարի է, նոյեմբերի 10-ին և 17-ին մեր հանրապետությունում նշվում են Երիտասարդության և Ուսանողության միջազգային օրերը:

Երիտասարդությունը, և նրա կազմում ուսանողությունը, հասարակության ամենաառաջադեմ, ամենակառուցողական հատվածն է, երկրի ու պետության ներուժը: Եվ որքան լավատես, ստեղծարար ու հայրենասեր է երիտասարդությունը, այնքան շեն ու լուսավոր է երկրի վաղվա օրը:

Երիտասարդությունը, հիրավի,  ուժ է, զարգացում, և նրա ներկայացուցիչները պետք է քաջ գիտակցեն իրենց դերակատարության կարևորությունը: Հայ երիտասարդն այսօր ամենուր է. նա ուսանող է, զինվոր, աշխատակից և անգամ ղեկավար:

Յուրաքանչյուր ոլորտ, յուրաքանչյուր մասնագիտություն իր առանձնահատկություններն ունի, հաջողության ու առաջընթացի ճանապարհը դյուրին չի տրվում, ուստի ուսանողությունը, երիտասարդ սերունդը, կենսական հզոր լիցքերով ու երազանքներով լեցուն իրենց «ծաղիկ հասակը» պետք է ծառայեցնեն լավ կրթություն ստանալուն, զարգանալուն, հասարակության լիիրավ ու գործուն անդամ, հայրենիքը  սիրող ու նրան ծառայող զավակ լինելուն:

Մեր համալսարանում ուսանում են այսօրվա երիտասարդության փայլուն ներկայացուցիչներ, որոնք խելացի են, ուշիմ, աշխատասեր, ձգտող, որոնց կարելի է անվերապահորեն վստահել մեր վաղվա օրը, մեր հայրենիքի ապագան: Եվ սա համալսարանի ղեկավարի ու գիտնական-մանկավարժի համար երջանկության ու հպարտության առիթ է:

Սիրելի ուսանողնե՛ր, ձեզանից յուրաքանչյուրը անհատականություն է, բայցև բոլորդ միասին մի զորեղ հավաքականություն եք: Ես ցանկանում եմ ձեր անձնական երջանկությանը, կայացմանն ու առաջխաղացմանը զուգընթաց տեսնել ձեր հավաքականության ուժը, որը կարող է դառնալ մեր նոր վերելքների պատվարը:

Շնորհավորում եմ ձեզ: Եղեք առողջ, եռանդուն, ձեր կյանքը հարստացրեք գիտելիքով, բազմազան հետաքրքրություններով ու ստեղծագործ աշխատանքով»: