Օտարերկրացի ուսանողները հարգանքի տուրք են մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

Դիտումների քանակ՝ 1613

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի օտարերկրացի  ուսանողները, բուհի արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ, նոյեմբերի 6-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր,  հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, ծաղիկներ դրել հուշակոթողին: Այս մասին տեղեկացնում է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը:

Ուսանողները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցադրությանը:

Օտարերկրացի ուսանողների անունից Հնդկաստանի քաղաքացի Պրաշանթ Ումմապաթին գրառում է կատարել
հուշամատյանում, որտեղ մասնավորապես նշվում է. «Անմոռանալի էր Ցեղասպանության թանգարան կատարած այցելությունը: Պատմությունն ու անկախության ձգտման ճանապարհը ներկայացված էր ամենատպավորիչ դրսևորմամբ (լինելով Հնդկաստանի քաղաքացի՝ իմ մեջ նույնպես մեծ հայրենասիրություն արթանացավ): Իրոք,  դատապարտելի է, որ աշխարհը դեռևս չի ճանաչում այս ողբերգությունը. աշխարհը պետք է ընդունի այս հիասքանչ երկրի առաքելությունը և գնահատի նրանց, ովքեր տառապել են հանուն ազգի»:

Լուսանկարները տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին