Մեր համալսարանում էր ՄԱԿ-ի ներկայացուցիչը

Դիտումների քանակ՝ 2031

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) համագործակցության շրջանակներում այսօր մեր բուհում հյուրընկալվել էր ՄԱԿ-ի  Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) հայաստանյան գրասենյակի ղեկավար Անահիտ Սիմոնյանը: Մուշեղ Ադոնցի անվան գիտական ընթերցասրահում կայացած հանդիպմանը ներկա  էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, բուհի աշխատակիցներ, տարբեր ֆակուլտետների ուսանողներ:

Նշենք, որ ՄԱԿ-ի 70-ամյակի առիթով  հայաստանյան տարբեր բուհերում կազմակերպվում են միջոցառումներ, և սա  դրանց շրջանակներում էր: Այսօրվա հանդիպումը կազմակերպել էր ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Գագիկ Վարդանյանը՝ կարևորելով ՄԱԿ-ի ներկայացուցչի և ուսանողների հանդիպումը և հույս հայտնելով, որ օգտվելով առիթից ապագա տնտեսագետները կյուրացնեն օգտակար գիտելիքներ և դրանք կծառայեցնեն իրենց հետագա կարիերային:

Անահիտ Սիմոնյանը ուրախություն հայտնեց Տնտեսագիտական համալսարանում գտնվելու համար, ապա ուսանողներին ամփոփ  ներկայացրեց ՄԱԿ-ի գործունեությունը, առաքելությունը: Անդրադառնալով նշված կազմակերպության «Կայուն զարգացման ծրագրին»՝ բանախոսը հույս հայտնեց, որ այն կարող է էականորեն  լավացնել կյանքի որակը, անդրադարձ կատարեց Հայաստանում Արդյունաբերական զարգացման կազմակերպության գործունեությանը, ծրագրերին՝ նշելով, որ կազմակերպությունը նպաստում է ներդրողների և գործարարների կապերի ստեղծմանը, տնտեսության տարբեր ոլորտներում իրականացնում է ծրագրեր՝ ուղղված փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը: Անահիտ Սիմոնյանը մասնավորապես խոսեց հայաստանյան մարզերում անցկացվող միջոցառումների մասին (ինչպես օրինակ, Լոռիում «Երիտասարդների ձեռներեցութայն ծրագիրը»):

Հանդիպման ավարտին բանախոսը պատասխանեց ուսանողների հարցերին:

ՄԱԿ-ի ներկայացուցիչը ՀՊՏՀ գրադարանին նվիրաբերեց  ՄԱԿ-ի գործունեությանը վերաբերող գրքեր, որոնց ուսանողները ծանոթացան հանդիպման ավարտից հետո: Հավելենք նաև, որ մեր բուհի գրադարանում գործում է ՄԱԿ-ի անկյուն, որն ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին առաջարկում է գրքեր, ամսագրեր և այլն:

Արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանից տեղեկացանք, որ ՄԱԿ-ի հիմնադրման 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում նոյեմբերին  անց է կացվելու ՄԱԿ-ի ազգային մոդել խորհրդաժողով, որին կմասնակցեն   ՀՊՏՀ  մի խումբ ուսանողներ:

Մեզ հետ զրույցում տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Մանուկյանը նշեց, որ հանդիպումն իր համար բավականին հետաքրքական էր և ուսանելի:

«Տեղեկացա Արդյունաբերական զարգացման կազմակերպության գործունեությանը: Ապագայում նպատակ ունեմ ձեռնարկություն հիմնելու, և այս միջոցառումն ինձ համար շատ հարցեր պարզաբանեց»,-ասաց ուսանողուհին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին