«Smart»-ը համախմբել էր հայաստանյան բուհերի շուրջ 100 ուսանողի. դասախոսությամբ հանդես է եկել ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը

Դիտումների քանակ՝ 1900

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ  հոկտեմբերի 24-25-ը մեր բուհում անցկացվել է «Smart» միջբուհական ուսանողական աշխատաժողովը: Ուսանողները ոչ միայն ունկնդրել են դասախոսություններ, այլև կատարել են խմբային աշխատանքներ, մասնակցել քննարկումների, ներկայացրել համապատասխան թեմաներով առաջարկություններ, կազմակերպվել են խաղ-մրցույթներ, որոնց հաղթողները պարգևատրվել են մրցանակներով:

Ինչպես տեղեկացնում է ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը՝ աշխատաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՈւԽ նախագահ Սերգեյ Խառատյանը,  ով նշել է, որ աշախատաժողովին մասնակցելու հայտ են ներկայացրել 650-ից ավելի ուսանողներ, որոնցից ընտրվել է 100-ը:

Աշխատաժողովի առաջին օրը  դասախոսությամբ հանդես է եկել ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր  Կորյուն Աթոյանը՝ «Կրթությունը՝ որպես ՀՀ տնտեսության զարգացման միջոց» թեմայով: Ռեկտորը ներկայացրել է  վերջին տարիներին ՀՊՏՀ-ում իրականացված կրթական բարեփոխումները, բուհի առջև ծառացած խնդիրները և դրանց հաղթահարման ուղիները: Դասախոսության ավարտին ուսանողներն իրենց հարցերն են հղել  համալսարանի ղեկավարին:

«Որակյալ տնտեսագետներ պատրաստելուց զատ, մեր նպատակն է նախ և առաջ որակյալ մարդ և քաղաքացի դաստիարակելը, ուստի փորձում ենք հնարավորինս շատ մարդկային և գաղափարական որակներ ներարկել մեր ուսանողներին»,- իր խոսքում նշել է ռեկտորը:

Երկօրյա աշխատաժողովի ընթացքում դասախոսություններով հանդես են եկել առաջատար մասնագետներ, հաջողակ և օրինակելի բիզնես փորձ ունեցող ընկերությունների ղեկավարներ, դասախոսներ և տարբեր պաշտոնատար անձինք, ինչպես օրինակ՝ Երիտասարդ գործատուների միության նախագահ Մուշեղ Ավետիսյանը, հաղորդակցության տեխնոլոգիաների մասնագետ Հարություն Գևորգյանը, ՀՊՏՀ դասախոս Կարեն Բաբաջանյանը և այլք:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ՈւԽ ուսումնագիտական հանձնաժողովի նախագահ Անի Կարապետյանը ընդգծեց, որ տարբեր բուհերի ուսանողներ մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին աշխատաժողովին:

«Աշխատաժողովն ուսանողներին տվեց այնպիսի գիտելիքներ ու հմտություններ, որ դասերի ընթացքում հաստատ չէին կարող սովորել , ու չնայած քննական շրջանին, ուսանողները մեծ ոգևորությամբ մասնակցում էին,շատերը  նշում էին, որ իրենց ժամանակը արդյունավետ են օգտագործում՝ ստանալով  անհրաժեշտ գիտելիքներ»,-ասաց Անի Կարապետյանը:

ՈւԽ փոխանցմամբ՝ աշխատաժողովի հիմնական նպատակն էր ուսանողներին հնարավորություն տալ հասկանալու, թե ինչպիսի սկզբնական հմտություններ ու գիտելիքներ են պետք հաջողություններով լի ուղի սկսելու համար:

Աշխատաժողովի ավարտին ուսանողները ստացել են մասնակցւթյան վկայականներ:

Լուսանկարները՝ ՀՊՏՀ ՈւԽ պաշտոնական կայքից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին