«Զալցբուրգյան սկզբունքների իրականացումը ՀՀ-ում». վերապատրաստման սեմինար

Դիտումների քանակ՝ 1462

Տեմպուսի «Վերիտաս» ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր  տեղի ունեցավ «Զալցբուրգյան սկզբունքների իրականացումը ՀՀ-ում» թեմայով վերապատրաստման սեմինար, որը վարեց  մեր բուհի մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Կարեն Գրիգորյանը:

Հանդիպմանը ներկա էին  ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը: Սեմինարի մասնակիցներն  էին  ասպիրանտական կրթության ներկա և ապագա շահառուները՝ համալսարանի ասպիրանտուրայի և գիտության բաժինների աշխատակիցները, անձնակազմի կառավարման բաժնի պետը, գիտխորհրդի գիտական քարտուղարը, ասպիրանտների ղեկավարներ, ասպիրանտներ և մագիստրանտներ:

Կարեն Գրիգորյանը շնորհանդեսի միջոցով մանրամասն ներկայացրեց նախ ՀՀ-ում և մասնավորապես ՀՊՏՀ-ում ասպիրանտական կրթության ներկա վիճակը, այդ կրթության զարգացման ուղղությամբ միջազգային փորձը, զալցբուրգյան բոլոր՝ տասը սկզբունքները, դրանց իրականացման հնարավորությունները ՀՀ-ում և ՀՊՏՀ-ում: Շնորհանդեսի վերջում վերապատրաստման սեմինարի մասնակիցները բանախոսին ուղղեցին ՀՀ-ում Զալցբուրգյան սկզբունքների կիրառմանը և ասպիրանտական կրթության զարգացմանն առնչվող հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:

Եզրափակիչ ելույթներ ունեցան պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը և դեկան Ատոմ Մարգարյանը: Նրանք ընդգծեցին վերապատրաստման սեմինարի կարևորությունը՝ Զալցբուրգյան սկզբունքները խորությամբ ընկալելու ու կիրառելու և ՀՊՏՀ-ում ասպիրանտական կրթության զարգացման առումներով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին