Դատաիրավական գործընթացների նկատմամբ հանրային վստահության հարցերի քննարկում ՀՊՏՀ-ում
«Հայաստանում ներառական աճի խթանման քննարկումների հարթակի ստեղծում» ծրագրի շրջանակներում օգոստոսի 14-ին ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում տեղի ունեցավ թվով 10-րդ կլոր սեղան-քննարկումը: Այս անգամ ևս թեման ուշագրավ էր` «Դատաիրավական գործընթացներ և հանրային վստահություն»:
Կլոր սեղան-քննարկմանը մասնակցում էին ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, համալսարանում ծրագրի կառավարման խումբը` ղեկավար Ներսես Գևորգյանի գլխավորությամբ, ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ, «Հյուսիսային պողոտա» ծրագրում ազդեցության ենթարկված և տուժած անձինք, ՀԿ-ների ներկայացուցիչներ, Ճարտարապետաշինարարական համալսարանի դասախոսներ, ՀՊՏՀ դասախոսներ, ուսանողներ:
Հիմնական զեկուցողներն էին տ.գ.թ., դոցենտ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս Վարազդատ Հովհաննիսյանն ու «Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպության GIS ստորաբաժանման պետ Արամ Ստեփանյանը: Առաջինը հանդես եկավ«Էքսպրոպրիացիան և նրա դերը հասարակական, սոցիալական կյանքում», իսկ երկրորդ
բանախոսը`«Հարկադիր օտարման ինստիտուտի կայացման հիմնախնդիրները ՀՀ-ում. գերակա հանրային շահ ճանաչված տարածքները» թեմաներով զեկուցումներով, որոնք ընդարձակ անդրադարձ էին էքսպրոպրիացիա կամ հարկադիր օտարում քաղաքացիական իրավունքին:
«Ներկայումս շարժական գույքի նկատմամբ սեփականության իրավունքը չի կարող լինել էքսպրոպրիացիայի առարկա, իսկ ինչ վերաբերում է այլ գույքային իրավունքներին ,բացի սեփականությունից, ապա դրանք նույնպես օտարվում են էքսպրոպրիացիայով, բայց ոչ իրենք իրենցով, այլ օտարվող անշարժ գույքի հետ անմիջական կապի արդյունքում: Բացի սեփականության իրավունքի օտարումից անշարժ գույքի վրա կարող են կիրառվել այդ իրավունքի սահմանափակումները, որոնք
ևս իրացվում են էքսպրոպրիացիայի միջոցով: Սահմանափակումները կարող են լինել ժամանակավոր կամ մշտական»,- մասնավորապես շեշտադրեցին բանախոսները` միաժամանակ անդրադառնալով այն հանգամանքին, թե ինչպես է էքսպրոպրիացիան իրականացվում Ռուսաստանում, Ֆրանսիայում և Հայաստանում: Ընդգծվեց, որ էքսպրոպրիացիայի առաջին դեպքերը Հայաստանում գրանցվեցին 2000-2001 թվականներին, երբ Հայաստանի Կառավարությունը Երևանի կենտրոնը վերակառուցելու համար սկսեց իրականացնել «Հյուսիսային պողոտայի» կառուցման հսկայական ծրագիրը:
Հանդիպումն ուղեկցվեց քննարկումներով, խոսք ասացին ինչպես ծրագրերում ընդգրկված անձինք, այնպես էլ գնահատող ընկերություններից ներկայացուցիչներ։ Բացի այդ, ելույթ ունեցան տուժած անձինք, որոնք հիմնականում դժգոհություններ են հայտնում փոխհատուցման չափերից, գործընթացի անկատարությունից և քաղաքացիների՝ սեփականության նկատմամբ իրավունքի խախտումներից։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նախորդ նորություններն` այստեղ