101-ից 52-ը՝ Կարմիր դիպլոմակիր

Դիտումների քանակ՝ 2724

Այսօր դիպլոմներ ստացան նաև նշված ֆակուլտետի բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտացման մի խումբ շրջանավարտներ: Բազմազբաղ աշխատանքային օրվա ընթացքում ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը կարողացավ ժամանակ նվիրել մագիստրոսներին, որոնք ուսումնակազմակերպական բաժնի մոտ խմբված խորհրդանշական համազգեստներով ստանում էին դիպլոմները: Ռեկտորը մոտեցավ, հղեց նրանց բարեմաղթանքներ ու ջերմ խոսքեր, ապա գերազանցիկ մագիստրոսների երջանիկ ակնթարթները հավերժացան բուհի ղեկավարի հետ լուսանկարում:

Նրանցից շատերը ընդգրկված են «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ծրագրերում: Լուիզա Ավետիսյանը, Մելինե Եսայանը, Տաթևիկ Թովմասյանը, Տաթևիկ Քոչարյանը, Լիանա Աղեկյանը արժանացել են Կարմիր դիպլոմների: Նրանք այժմ էլ իրականացնում են «Ագրարային և բնապահպանական միջազգային
կազմակերպությունների գործունեությունը ՀՀ-ում» (Լիանա Աղեկյան, Լուիզա Ավետսիյան) և «Ագրարային քաղաքականության բնապահպանական հիմնախնդիրները (Մելինե Եսայան, Տաթևիկ Թովմասյան, Տաթրիկ Քոչարյան)» հետազոտություններ բուհի հետազոտական կենտրոնում:

Ատոմ Մարգարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մագիստրատուրայում շատ են գերազանցության դիպլոմների արժանացածները:

«Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս մագիստրոսական կրթաձևը մեզ մոտ բավականին  արդյունավետ էր: Շրջանավարտների մեծ մասը փայլուն ձևով պաշտպանեց մագիստրոսական թեզերը և ստացավ մագիստրոսի աստիճան: 101 շրջանավարտից 52-ն արժանացել է գերազանցության (Կարմիր)  դիպլոմի:

3 մասնագիտացում  ունեցել ենք բնօգտագործման տնտեսագիտություն ամբիոնի գծով, 2-ը՝ միջազգային տնտեսական հարաբերությունների, 1-ը՝ տնտեսագիտության տեսության և 2-ը՝ մակրոէկոնոմիկայի: Ունեցանք նաև պիլոտային՝ պետական գույքի կառավարում և անշարժ գույքի գնահատում, տնտեսական գործունեության բնապահպանական
փորձաքննություն մասնագիտացումների գծով շրջանավարտներ»,-ասաց Ատոմ Մարգարյանը, հավելելով, որ  ինչպես փորձը ցույց է տալիս՝ մագիստրատուրայի մեր շրջանավարտները մրցունակ են, նրանց մի մասն աշխատանք է ունենում մինչև
ավարտելը, բավականին   պահանջված են:

Զրուցեցինք նաև շրջանավարտների հետ: Նրանք հպարտությամբ են ասում, որ Տնտեսագիտական մայր համալսարանի ուսանողն են եղել:

«Այն զգացումը, որ վերջին անգամ ես համալսարան մտնում որպես ուսանող և՛ հպարտություն է պարգևում, և՛ թախիծ բերում: Իմ համալսարանից  այսօր դուրս եմ գալու գլուխս բարձր, որովհետև փորձել եմ լինել օրինակելի
ուսանող, արժանացել եմ Կարմիր դիպլոմի: ՀՊՏՀ-ն ինձ շատ բան է տվել՝ գիտելիք, մասնագիտություն, ընկերներ, շփվելու կարողություն….երկար կարող եմ թվարկել: Այսօր գնում եմ, բայց սպասեք ինձ. նպատակ
ունեմ ասպիրանտուրայում շարունակել ուսումս: Նաև կփորձեմ շարունակել բուհի հետ համագործակցությունը գիտահետազոտական աշխատանքներ կատարելու առումով, կփորձեմ նպաստել բուհիս գիտական կյանքի զարգացմանը»,-նշեց Անի Հունանյանը, ով «Ազգային ինովացիոն համակարգ» գիտաուսումնական խմբի անդամ էր:

Տիգրան Էլբակյանն աշխատում է ՀՀ Նախագահի աշխատակազմում: Նա մեզ վստահեցնում է, որ ՀՊՏՀ-ն իր հուշերում կմնա որպես հարազատ կրթօջախ, որտեղ առաջին անգամ դարձել է ուսանող և ստացել հիմնարար գիտելիք:

«Հնարավոր է՝ վաղը սովորեմ Հարվարդի համալսարանում, բայց միևնույն է, իմ համալսարանը մնալու է ՀՊՏՀ-ն, որովհետև նա է ինձ կերտել որպես ուսանող», -ասում է  Տիգրան Էլբակյանը:

Հաջողություն ենք մաղթում սիրելի շրջանավարտներ, բարին ընդ ձեզ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին