Լույս է տեսել «Տնտեսագետի» նոր համարը

Դիտումների քանակ՝ 1450

«Տնտեսագետի» մայիս-հունիսյան համարը լույս է ընծայվել: Որպես ուսումնական տարին ամփոփող թողարկում՝ այն հիմնականում հասցեագրված է ՀՊՏՀ շրջանավարտներին. իրականության ու սպասումների ճամփաբաժանին նրանց վերջին ստուգատեսն է՝ ամփոփիչ ատեստավորման գործընթացը, համալսարանի բակում կազմակերպված տոնահանդեսը: «Տնտեսագետի» հարթակից սիրելի բուհին իրենց սրտի խոսքն  են հղում շրջանավարտները:

Նոր համարն սկսվում է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի  նախարարական գագաթաժողովին ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումին ընդարձակ անդրադարձով:

ՀՊՏՀ-ն չորս տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում է ստացել: Գործընթացի մանրամասները հարցազրույցում  ներկայացնում է պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը: ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ուսումնամեթոդական կենտրոն»-ի հետ ՀՊՏՀ-ն ստորագրել է համագործակցության հուշագիր: Թե ինչ է խոստանում այս գործակցությունը,   կտեղեկանաք այս համարից:

«Տնտեսագետը» շարունակում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հրապարակումները՝ այս անգամ ներկայացնելով ՀՊՏՀ մագիստրանտի անդրադարձը ցեղասպանության տարիներին հայերի ունեզրկման գործընթացին:

«Մայիսյան տոներ» խորագրի ներքո հիշում ու խոնարհվում ենք հաղթանակներ կերտած բոլոր հերոսների առջև և հարգանքի տուրք մատուցում մեր համալսարանի պատերազմի վետերանների, ուսանող-ազատամարտիկների հիշատակին:

«Տնտեսական խճանկարը» կրկին հարուստ է հետաքրքրական նորություններով:

ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականի հաղթարշավի մանրամասներին և ապագա անելիքներին կարող եք ծանոթանալ՝ կարդալով ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչի ժ/պ Հովհաննես Գաբրիելյանի հետ հարցազրույցը:

Երկրորդ կիսամյակի միջանկյալ ստուգումները ներկայացված են լուսանկարային խճանկարում:

Լուսաբանված են ՀՊՏՀ գիտաուսումնական խմբերի, գիտխորհրդի աշխատանքները: «Քննարկումներ» խորագիրը ներկայացնում է «Հայաստանում ներառական աճի խթանման քննարկումների հարթակի ստեղծում» ծրագրով կլոր սեղան-քննարկումը, «Գիտագործնական սեմինար» խորագրի ներքո լուսաբանված է, թե ինչպես են ուսանողները հետազոտում կապիտալի շուկայի հիմնախնդիրները, առանձին անդրադարձ կա ՀՊՏՀ գրադարանի ձեռքբերումներին:

ՀՊՏՀ ուսանող Սերյոժա Ավետիսյանն իր «Անձրևի հարյուր կաթիլները» պատվածքը նվիրում է բոլոր հայ քաջորդիներին, ովքեր խիզախում են ու անառիկ պահում մեր հայրենիքի սահմանները:

Լրահոսը կրկին համալսարանական իրադարձությունների հակիրճ ամփոփում է:

«Վերծանելով արվեստի գաղտնագրերը» խորագիրը ներկայացնում է Փանոս Թերլեմեզյանին:

Մաղթում ենք հաճելի ընթերցում և, իհարկե, ակնկալում ենք արձագանքներ:

Ամսագիրը կարող եք ձեռք բերել այսօրվանից. ուսանողները և հատկապես շրջանավարտները` դիմելով դեկանատներ, դասախոսները` ամբիոններ: Այս պահին արդեն ամսագիրը տարածվել է ֆակուլտետներով, ամբիոններով, վարչական ստորաբաժանումներով։ Կարող եք օգտվել նաև ընթերցասրահների օրինակներից:

ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am) կարող եք ծանոթանալ նաև ամսագրի էլեկտրոնային տարբերակին հետևյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին