Լի հույսերով ու ակնկալիքներով. շրջանավարտները ստանում են դիպլոմները

Դիտումների քանակ՝ 2407

Հուլիսի 9-ից ՀՊՏՀ ուսումնակազմակերպական բաժնի այցելուները 2014-2015 ուստարվա շրջանավարտներն են՝ լի խանդավառությամբ ու ոգևորությամբ. եկել են ստանալու մասնագիտական վկայականները, կյանքի կարևոր ձեռքբերումներից մեկի՝ բարձրագույն կրթություն ստանալու առհավատչյան:  Ոմանք գուցե վերջին անգամն են այցելում հարազատ համալսարան, ստանում դիպլոմը, լուսանկարվում և հեռանում՝ կարոտած աչքերով՝ վերջին անգամ հայացք գցելով հարազատ լսարանին, բակին, գրադարանին, նստարանին: Միևնույն ժամանակ վճռական են. մասնագիտական ուղին հարթելու գործում առաջին լուրջ քայլն արված է: Ոմանք էլ հեռանում են, կրկին վերադառնալու, ուսումը ՀՊՏՀ-ում շարունակելու ակնկալիքով: Մագիստրատուրայի մի խումբ շրջանավարտներ երեկ բակում հանդիպեցին ու զրույցի բռնվեցին ՀՊՏՀ  գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանի հետ, պատմեցին իրենց անելիքների, նպատակների մասին: Պրոռեկտորը  շնորհավորեց ուսանողներին, օգտակար խորհուրդներ և բարեմաղթանքներ հղեց նրանց:

Կառավարման ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտներ Տաթևիկ Կարապետյանը, Արմինե Սահակյանն ու Լուսյա Նազարեթյանը  այսօր ստացան իրենց դիպլոմները: Աղջիկները մեզ հետ զրույցում ասացին, որ երեքն էլ ընդունվել են մագիստրատուրա, նոր ուսումնական տարվանից կրկին համալսարան են գալու, արդեն՝ որպես մագիստրանտ:

«Տնտեսագիտական համալսարանը մեծ հեղինակություն ունի, և հպարտ եմ, որ այս բուհի շրջանավարտ եմ: Դիպլոմը ստանալուց հետո, բնականաբար, մեր առջև կարիերայի  լայն հնարավորություններ են բացվում: Ինձ ավելի շատ տեսնում եմ կապի և հեռահաղորդակցության ոլորտում. պրակտիկաս այդտեղ եմ անցել, գրավում է այդ աշխատանքը: ՀՊՏՀ-ում ստացած 4-ամյա կրթությունս ինձ վստահեցրեց, որ հենց հարազատ համալսարանս է մագիստրոսական կրթություն ստանալու  լավագույն վայրը»,-ասաց Տաթևիկ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ  որ դիպլոմները տրամադրվում են  հուլիսի 9-ից մինչև  հուլիսի 17-ը ներառյալ, ուսումնակազմակերպական բաժնում (կենտրոնական մասնաշենք, 323 սենյակ)՝ առավոտյան ժամը 9.00-ից մինչև 17.30-ը (ընդմիջումը՝ ժամը 13. 00-ից 14.00-ն): Անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով և դեկանատի կողմից տրված տեղեկանքով: Դիպլոմների հանձնումը կվերսկսվի օգոստոսի 20-ին:

Մեր շրջանավարտներին մաղթում ենք հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին